211652_close_icon
views-count4744 դիտում article-date 22:33 06-03-2017

Գագիկ Սարգսյան. Առաջին անգամ աշխարհի առաջնությունում 30 լավագույնների մեջ դահուկորդ ունեցանք

Ֆինլանդիայում ավարտվեց դահուկավազքի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանն ամփոփեց հայ մարզիկների արդյունքները. «Մեր հիմնական ակնկալիքը Սերգեյ Միքայելյանից էր: Նա լիովին արդարացրեց իրեն: Առաջին անգամ աշխարհի առաջնությունում 30 լավագույնների մեջ ներկայացուցիչ ունեցանք: Մասնավորապես 30 կմ սկիատլոնում (15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ) Սերգեյը 29-րդն էր: Սա ապացույցն է այն բանի, որ նրա մոտ նկատելի աճ կա: Սերգեյը գրեթե մեկ մրցաշրջան բաց էր թողել վնասվածքի պատճառով: Հիմա վերականգնման փուլում է: Աստված տա` լիովին ապաքինվի եւ ավելի լավ արդյունքներ գրանցի: Այս առաջնությունում Սերգեյն առաջին անգամ մասնակցեց 50 կմ ազատ ոճի մեկնարկին: Փառք ու պատիվ նրան: Մոտ 70 մասնակիցների մեջ նա կարողացավ եզրագիծը հատել 41-րդ տեղում: Հուսանք, որ Սերգեյը նորից կհաղթահարի նման տարածություններ»,-նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը: Խոսելով մյուս դահուկավազորդների մասին Գագիկ Սարգսյանն ասաց, որ նրանք կատարեցին իրենց առաջ դրված նվազագույն խնդիրը. «Կատյա Գալստյանն ու Թադեւոս Պողոսյանը հաղթահարեցին դասակարգման փուլը, սակայն աշխատելու տեղ ունենք: Միքայել Միքայելյանը վատառողջ էր եւ չկարողացավ մասնակցել առաջնությանը: Ընդհանուր առմամբ մեր սպասելիքներն արդարացան»: Գագիկ Սարգսյանը հայտնեց, որ աշխարհի առաջնությունում ելույթներն ավարտելուց հետո Թադեւոս Պողոսյանը մասնակցեց համաշխարհային զինվորական խաղերին՝ մոտ 50 մասնակիցների մեջ զբաղեցնելով 24-րդ տեղը: Հայ դահուկավազորդները մի քանի օրից Ավստրիայում կմասնակցեն կենտրոնական Եվրոպայի պետությունների գավաթին: Այնուհետեւ, Սերգեյ Միքայելյանը կմեկնի Խանտի Մանսիսկ: Այնտեղ նա հանդես կգա Ռուսաստանի բաց առաջնությունում:

Նմանատիպ նյութեր