«Վարպետները կերտում են վարպետներ» խորագրով դասական համերգին կմասնակցեն ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողները
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հարմոնիում. Երաժշտական զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ` մարտի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Վարպետները կերտում են վարպետներ» խորագրով դասական համերգը:
Համերգին կմասնակցեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Սերգեյ Սմբատյան), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագրի անդամները:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող ՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին: Նպատակն է բացահայտել և աջակցել 11-20 տարեկան տաղանդավոր երաժիշտ-կատարողներին:
ՀՀ մշակույթի նախարարությունը 2017 թվականին սահմանել է խրախուսական կրթաթոշակներ ծրագրի բոլոր մասնակիցների համար:


