211652_close_icon
views-count1897 դիտում article-date 22:45 03-03-2017

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդլայնված նիստ

ՀՀ գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նիստի օրակարգում ՀՀ դատախազության 2016 թվականի աշխատանքի արդյունքների ամփոփումն էր: Նիստին մասնակցել են ՀՀ ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության, Հատուկ քննչական ծառայության, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները դատախազական գործառույթների առանձին բնագավառներում կատարված աշխատանքների վերաբերյալ հանդես են եկել զեկույցներով: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա Հարությունյանը ներկայացրել է հետաքննության և նախաքննության, պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, հանցավորության դեմ համակարգված և արդյունավետ պայքար կազմակերպելու, քննության որակը բարելավելու, հանցանք կատարած անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու ուղղությամբ կատարված աշխատանքները: Ներկայացվել են երկրում հանցավորության շարժընթացը բնութագրող ցուցանիշները, դրանք համադրվել նախորդ տարիների տվյալների հետ, կատարվել վերլուծություններ, որոնց արդյունքում առաջարկներ են ներկայացվել հանցագործությունների կանխարգելման, բացասական դինամիկա արձանագրած հանցատեսակներով քրեական քաղաքականության որոշակի ուղղություններում աշխատանքների արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Արձանագրելով մինչդատական վարույթում առկա առանձին թերացումներ, բացթողումներ և խնդիրներ՝ դատավարության մասնակիցների իրավունքների պատշաճ ապահովման, հանցագործությունների բացահայտման, մեղադրանքի ապացուցման աշխատանքներում, ներկայացվել են կոնկրետ միջոցառումներ, որոնք կապահովեն դրանց վերացումն ու կնպաստեն այդ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով: Ա. Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2016 թվականի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից կատարվել է 74 ստուգում և ուսումնասիրություն, որից 63-ը` քրեակատարողական հիմնարկներում, 11-ը՝ այլընտրանքային պատիժների կատարման ծառայությունում: Կատարված ստուգումների արդյունքներով հայտնաբերվել է 120 խախտում, ներկայացվել 17 հաղորդում և բերվել է 28 միջնորդություն, որոնց հիման վրա նշանակվել են ծառայողական քննություններ և իրենց պարտականություններում թերացած 19 աշխատակից, այդ թվում` 5 քրեակատարողական հիմնարկի պետ, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության

Նմանատիպ նյութեր