211652_close_icon
views-count1378 դիտում article-date 19:02 03-03-2017

Փոխհատուցվել է 745 ուսանողի ուսման վարձ

Հանրապետության բուհերի 745 ուսանող մարտի 3-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) կողմից ստացել է ուսման վարձի փոխհատուցման հավաստագիր։ Հավաստագրերն ուսանողներին է հանձնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երիտասարդական հիմնադրամը պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման համակարգի առաջին կուրսում սովորողների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Այս տարի մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1305 ուսանող։ Մրցույթի արդյունքում ուսման վարձի փոխհատուցում են ստացել սոցիալապես անապահով ընտանիքների, երրորդ խմբի հաշմանդամ, սահմանամերձ համայնքների, ինչպես նաև գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող ուսանողները։ Մասնավորապես, Հայկական պետական մանկավարժական համալսարանից մրցույթին դիմել է 299 առաջին կուրսեցի, որոնցից փոխհատուցվել է 156-ի ուսման վարձը։ Երևանի պետական համալսարանից փոխհատուցվել է 157 ուսանողի (դիմել են 237-ը), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանից 69 ուսանողի (դիմել են 189-ը) ուսման վարձը և այլն։ Մրցույթի շրջանակներում ներգրավված են նաև մարզերում գործող բուհերի ուսանողները։ Մասնավորապես, ուսման վարձի փոխհատուցման ծրագրից օգտվում է Վանաձորի պետական համալսարանի 44 (դիմել են 57-ը), Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի 25 ուսանող (դիմել են 32-ը) և այլն։ Ուսման վարձի փոխհատուցում է ստանում նաև զինծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած 11, ինչպես նաև՝ 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմին մասնակցած 5 ուսանող։ Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորել է ուսանողներին ուսման վարձի փոխհատուցում ստանալու առթիվ։ Նա իր խոսքում ընդգծել է, որ կառավարությունը ախտորոշել է բոլոր ոլորտների խնդիրները, ձևակերպել ապագայի տեսլականը։ Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ որոշ ժամանակ անց ունենալու ենք մի երկիր, որով բոլորս հպարտանալու ենք։ Կառավարության ղեկավարը նշել է, որ մեր ունեցած մարտահրավերները ստիպում են մեզ լինել խելացի և կիրթ։ Արված հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր ոլորտներում հիմնական թիրախը պետք է լինի արդյունավետության բարձրացումը, ուստի պետք է աշխատանքներ տարվեն այդ ուղղությամբ։ Պարոն Կարապետյանը, դիմելով երիտասարդներին, նշել է, որ չափազանց շահագրգռված են, որպեսզի այն ուղին, որ ընտրել են նրանք՝ գիտելիք ստանալ և կրթվել, շարունակեն, չափազանց շահագրգռված են, որ ներկաները գիտելիքի, ուսման նկատմամբ վերաբերմունքը տարածեն իրենց շրջապատում, լինեն հայրենասեր, ակտիվ քաղաքացիներ, հանդուրժող միմյանց, բայց անհանդուրժող անարդարության նկատմամբ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծում է, որ ուսման վարձի փոխհատուցումը հիմնադրամի կարևորագույն ծրագրերից է, այն սպասված է ինչպես հիմնադրամի, այնպես էլ մեծաթիվ ուսանողների համար։ «Մենք կարողանում ենք 750 ուսանողի միանվագ աջակցություն ցուցաբերել, աջակցություն նրանց առաջադիմության համար, և նրանց մոտ վստահություն ձևավորել, որ լավ սովորելով կարող են մեղմել սոցիալական խնդիր։ Այս ծրագրի միջոցով շատ ուսանողներ կարողանում են հաղթահարել առաջին կուրսը, այնուհետև գերազանց առաջադիմության շնորհիվ ռոտացիոն համակարգով անցնել անվճար համակարգ»,- նշել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ սա Հայաստանում կրթաթոշակների փոխհատուցման ամենամեծ ծրագիրն է։ Նշենք, որ ուսման վարձի փոխհատուցում ստացած ուսանողների անունները հրապարակվել են հիմնադրամի պաշտոնական կայքում՝ heh.am։ ՀԵՀ-ը ՀՀ կառավարության աջակցությամբ ուսման վարձերի փոխհատուցման ծրագրեր իրականացնում է 2011 թվականից։ 2011 թվականից ի վեր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարբեր ծրագրերի շրջանակներում մասնակիորեն կամ ամբողջությամբ փոխհատուցել է շուրջ 6000 ուսանողի ուսման վարձ։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր