211652_close_icon
views-count3197 դիտում article-date 09:33 25-01-2020

Աշխատող ուսանողների ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկով. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրենսդրական առաջարկը, որով նախատեսվում է աշխատող ուսանողների ուսման վարձի փոխհատուցում: Ըստ նախագծի, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կարող է փոխհատուցվել եկամտահարկի վերադարձի տեսքով: Շատերի կարծիքով, սա իսկապես դրական նախաձեռնություն է, ինչն առաջացրել է նաև աշխատող ուսանողների ոգևորությունը: Սակայն, ինչպես և երևում է նախագծից, փոփոխությունը մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող բոլոր ուսանողներին չի վերաբերելու: Օրենքն ամբողջությամբ ընդունելուց հետո կառավարությունը կհաստատի համապատասխան մասնագիտությունների ցանկը: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ցանկն առանձնապես մեծ չի լինելու: Մեր աղբյուրի պնդմամբ, նախնական դիրքորոշումն այնպիսին է, որ առավելություն տրվի տեխնիկական, հատկապես բարձր տեխնոլոգիական մասնագիտություններին: Ըստ նույն տեղեկությունների, իշխանությունները ցանկանում են այսպիսով իրականացնել «պիլոտային» ծրագիր, որի արդյունքների հիման վրա էլ հետագայում կկայացվի որոշում՝ մասնագիտությունների ցանկն ընդլայնել, թե ոչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր