211652_close_icon
views-count1392 դիտում article-date 17:55 03-03-2017

ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերություններ կմեկնեն Լոնդոն

«Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» ծրագրի շրջանակներում մարտի 9-10-ը Լոնդոնում տեղի կունենան ՏՏ ոլորտի 17 հայկական ընկերությունների և գործարար կառույցների ներկայացուցիչների հանդիպումներ՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։ Ծրագիրը հանրությանը ներկայացնելու նպատակով այսօր տեղի ունեցավ հանդիպում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՏՏ ոլորտի մասնագետներ։ Կարևորելով նման միջոցառումների անցկացումը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բորիս Դեմիրխանյանը նշեց, որ այն լայն հարթակ է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության շրջանակներն ու գործարար կապերն ընդլայնելու համար։ Նա հույս հայտնեց, որ նման ձևաչափով միջոցառումները շարունակական կլինեն և կանցկացվեն ոչ միայն Բրիտանիայում, այլև Հայաստանում: «Արդյունքում կծնվեն համատեղ ծրագրեր, որոնք կարևոր են ոչ միայն բիզնեսի զարգացման, այլև՝ երկու երկրների մշակույթների փոխանակման տեսանկյունից: Համոզված եմ, որ 17 ընկերությունները լավագույնս կներկայացնեն Հայաստանի ՏՏ ոլորտը։ Վստահ եմ նաև, որ կան թաքնված ռեսուրսներ, որոնք այս միջոցառման շրջանակներից բխող արդյունքներում կբացվեն »,- ասաց նախարարի տեղակալը: Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն էլ նշեց, որ տեղեկատվական և հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի տնտեսության մեջ ունի մեծ մասնաբաժին։ Նա ընդգծեց, որ Երևանում բրիտանական դեսպանատան գերակայություններից մեկը Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային կապերի ավելի սերտ և փոխշահավետ հարաբերությունների ընդլայնումն է: Լոնդոնում կայանալիք «Հայ-բրիտանական ՏՏ նախաձեռնություններ» բիզնես միջոցառումը բաղկացած է լինելու երկու հիմնական մասից՝ Հայաստանի և հայկական ՏՏ ընկերությունների մասին շնորհանդեսից և հայկական ՏՏ ընկերությունների ու բրիտանական գործարար շրջանակների ներկայացուցիչների միջև անհատական հանդիպումներից: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր