211652_close_icon
views-count9334 դիտում article-date 17:42 01-03-2017

ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՎ ՏՈՒԳԱՆՔՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ. ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տեղեկացնում ենք, որ 2017 թ. մարտի 1-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով վերացվելու է ճանապարհային երթևեկության ոլորտի իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում 25 և 50 տոկոսի չափով ավելացումների ինստիտուտը: Այսինքն, օրենքն ուժի մեջ մտնելուց պահից ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար նշանակվող տուգանքները սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրանք հարկադիր կատարման կներկայացվեն տուգանքի (կամ՝ այսպես կոչված «մայր գումարի») չափով: Սահմանվել է նաև, որ օրենքը կիրառվելու է այն դեպքերում ևս, երբ տուգանքը նշանակվել է մինչև օրենքը ուժի մեջ մտնելը և ուժի մեջ մտնելու պահին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասերով սահմանված 25 և 50 տոկոս ավելացումները հաշվարկելու ժամկետները (30 և 60 օրը) չեն լրացել: Բացի այդ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանքի տարաժամկետման համար սահմանված 10-օրյա ժամկետը փոխարինվել է 30 օրով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սահմանված կարճ ժամկետը հաճախ անհարմարություն էր առաջացնում քաղաքացիների համար: Նշված փոփոխությունը նույնպես բխում է քաղաքացիների շահերից և հնարավորություն կտա ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում տուգանքի վճարումը տարաժամկետելու դիմում ներկայացնել վարչական մարմնին: Հիշեցնում ենք, որ կատարված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ընդունված օրենքը հրապարակվելուն հաջորդող օրվանից: Միաժամանակ, ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս քաղաքացիներին վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները վճարել օրենքով սահմանված ժամկետներում, քանի որ, անկախ ավելացումները հաշվեգրելու ինստիտուտի վերացումից, անբողոքարկելի վարչական ակտերի հարկադիր կատարման համար սահմանված են լրացուցիչ կատարողական ծախսեր. մինչև 10.000 դրամ գումարի դեպքում՝ այդ գումարի 50%-ի, 10.000 դրամից մինչև 100.000 դրամ գումարի դեպքում՝ 5.000 դրամի, իսկ 100.000 դրամ և ավելի չափով գումարի դեպքում՝ այդ գումարի 5 տոկոսի չափով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր