Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն ամփոփել է 2016թ. կատարված աշխատանքները
ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի մոտ կայացավ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության՝ 2016 թ. կատարած աշխատանքների հաշվետու նիստը:
Տարեկան հաշվետվության ամփոփմանը զեկույցներով հանդես եկան «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ների տնօրենները:
Հիմնական աշխատանքները տարվել են չորս ուղղություններով.
• Սեյսմիկ վտանգի մոնիթորինգ և դիտացանցի կայանների աշխատանք
• Սեյսմիկ վտանգի գնահատում
• Սեյսմիկ ռիսկի գնահատում
• Սեյսմիկ ռիսկի նվազեցում
Ազգային դիտացանցից ստացված տվյալների հիման վրա իրականացվել է սեյսմիկ վտանգի շուրջօրյա մոնիթորինգ: «Քուչակ», «Սևան» և «Ձորաղբյուր» հիդրոերկրադինամիկական կայաններում տեղադրվել են թվային սարքավորումներ: Ընդհանուր առմամբ՝ արդիականացվել է 7 հիդրոերկրադինամիկական կայան: Արդիականացված կայաններից ստացվում են ստորգետնյա ջրի մակարդակի, հորատանցքի մթնոլորտային ճնշման և ջրի ջերմաստիճանի տվյալներ` համալրելով սեյսմիկ վտանգի գնահատման տվյալների բազան:
Առաջնային համարելով բնակչության սեյսմիկ պատրաստվածության բարձրացումը՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկրաշարժերի ժամանակ սեյսմապաշտպանության վարքականոնների ուսուցմանը, որի նպատակով դասընթացներ են կազմակերվել մայրաքաղաքի և մարզերի դպրոցներում, նախակրթարաններում, մանկական ճամբարներում, ԲՈւՀ-երում, ՏԻՄ-երում, բժշկական կենտրոններում և հիմնարկ-ձեռնարկություններում: Ընդհանուր առմամբ ուսուցանվել է 29718 մարդ:
Զեկույցներում նախանշվեցին նաև գերակա խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը` շենք-շինությունների տեխնիկական վիճակի գնահատում, կարևոր նշանակության օբյեկտների տվյալների հավաքագրում, գրանցված երկրաշարժերի մշակում ու հետազոտություն: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են ՀՀ և ԼՂՀ տարածքում գտնվող 408 շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի, ինչպես նաև՝ սեյսմիկ խոցելիության մակարդակի (աստիճանի) գնահատման աշխատանքներ և տրվել են եզրակացություններ (այդ թվում` 59 դպրոցի, 5 արվեստի դպրոցի, 7 մանկապարտեզի, 18 բուժկետի և 1 հիվանդանոցի վերաբերյալ):
Սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով երկրաշարժերի ազգային կատալոգը համալրվել է 1028 երկրաշարժի մասին տվյալներով: Բազմապարամետրային դիտացանցի կայաններից ստացված տեղեկատվության հիման վրա պարբերաբար գնահատվել է ընթացիկ սեյսմիկ վտանգը: Լրացվել է երկարաժամկետ սեյսմիկ վտանգի տվյալների համակարգչային բազան:
2016 թ. շարունակվել է համագործակցությունը Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP), ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS), Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO), Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC), Ֆրանսիայի ատոմային և այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի Շրջակա միջավայրի վերահսկողության և վերլուծության դեպարտամենտի (CEA/DASE), Շվեյցարիայի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտի սեյսմոլոգիական ծառայության (SED at ETH Zurich), Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (BSEC), Չեխիայի ԳԱ Լեռնային և կառուցվածքային մեխանիկայի ինստիտուտի (IRSM AS CR), ՌԳԱ Երկրաֆիզիկական ծառայության (ГС РАН) և այլ կազմակերպությունների հետ:
Ամփոփելով քննարկումը՝ փոխնախարար Հ. Մխիթարյանը կատարված աշխատանքը գնահատեց դրական և տվեց նոր հանձնարարականներ. մասնավորապես` շեշտավորել շենք-շինությունների տեխնիկական զննումը, Երևանում, ՀՀ մարզերի համայնքներում և ԼՂՀ-ում անցկացնել վարքականոնների համատեղ դասընթացներ ու ուսումնական տագնապ-վարժանքներ: