211652_close_icon
views-count1797 դիտում article-date 19:45 13-02-2017

Խարդախությամբ կատարվող մի շարք հափշտակություններ իրականացվում են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից. խորհրդակցություն՝ ՀՀ քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ Օրակարգում ընդգրկված է եղել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված եւ դատապարտված անձանց կողմից խարդախությամբ հափշտակություններ կատարելու վերաբերյալ հարցը, որի քննարկմանը հրավիրվել եւ մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ ՔԿ վարչության պետ Արթուր Օսիկյանը։ ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների համաձայն` մի շարք բազմադրվագ խարդախություններ կազմակերպվում եւ իրականացվում են ՔԿՀ-ներում պահվող անձանց կողմից։ Այսպես՝ 2016 թվականին հանրապետությունում գրանցվել է խարդախությամբ գույքի եւ գումարի հափշտակության 964 դեպք, որոնցից 106-ը (դրանցից 3-ը՝ շորթում), ձեռք բերված ապացույցների համաձայն, կազմակերպվել և իրականացվել է քրեակատարողական հիմնարկներում պահվող դատապարտյալների կամ կալանքի տակ գտնվող անձանց կողմից: Վերջիններիս կողմից քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատճառված գույքային վնասը, նախնական տվյալներով, գնահատվում է մոտ 150 մլն դրամ: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խարդախությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի շարք հափշտակություններ կատարվել են ՔԿՀ-ներում գտնվող կալանավորված անձանց կամ պատիժը կրող դատապարտյալների կողմից, որտեղ պետք է ապահովվեր նրանց մեկուսացվածությունը, սահմանափակվեր նոր հանցագործություններ կատարելու հնարավորությունը, բայց պարզվում է, որ անգամ նման պայմաններում շարունակում են կատարել մի շարք հանցագործություններ, այդ թվում` խարդախություններ: ՔԿՀ-ում գտնվելով կարողանում են կապ հաստատել տարբեր իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հետ, ձեռք բերել նրանց վստահությունը եւ չարաշահել այն՝ պատճառելով զգալի գույքային վնաս։ Քրեական գործերով բացահայտվել են նման բազմաթիվ դեպքեր եւ պետք է միջոցներ ձեռնարկել ոչ միայն հանցագործությունները բացահայտելու, այլեւ դրանք կանխելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերով ձեռք բերված փաստական տվյալները վկայում են, որ խարդախությունները կատարվել են տարբեր եղանակներով՝ հիմնական միջոցը բջջային հեռախոսներն են, որոնցով առանձին կալանավորված եւ դատապարտված անձինք հնարավորություն են ունեցել օգտվելու ինտերնետային կապից: Վերջիններս իրենց հանցավոր մտադրություններն իրականացնում եւ ավարտին են հասցնում ազատության մեջ գտնվող հանցակիցների միջոցով: ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների վարույթում գտնվող քրեական գործերի ուսումնասիրություններից պարզվել է նաև, որ բացի վերը նշված արդեն իսկ բացահայտված 106 դեպքից, հափշտակության եւս 100 և ավել դեպքերով տուժողների հետ առերեւույթ հանցագործություն կատարած անձինք կապ են հաստատել բջջային հեռախոսների միջոցով, որոնց զանգերը սպասարկվել են ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների մոտ տեղակայված ալեհավաքների կողմից։ Նախնական տվյալները վկայում են, որ դրանք ևս ամենայն հավանականությամբ կատարվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից, եւ բացահայտման ուղղությամբ կատարվում են համապատասխան քննչական եւ դատավարական այլ գործողություններ։ Անհրաժեշտ է նկատել, որ մեր քաղաքացիները բավական պարզունակ իրավիճակներում են ընկնում հանցավորի ստեղծած ծուղակը՝ արդյունքում կրելով լուրջ նյութական վնաս: Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց կողմից հեռախոսների կամ ինտերնետային կապի միջոցով կազմակերպված և իրականացրած հանցագործությունները չեն սահմանափակվում միայն խարդախություններով և շորթումներով. բազմաթիվ քրեական գործերի քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ նրանց կողմից նույն տեխնիկական միջոցների օգտագործմամբ կազմակերպվել և իրականացվել են նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր: Խորհրդակցության արդյունքում ՀՀ ՔԿ նախագահը տվեց մի շարք հանձնարարականներ՝ այս հանցատեսակի քննության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ միաժամանակ կարեւորելով հանրային իրազեկումն ու քաղաքացիների տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։ ՀՀ ԱՆ ՔԿՎ ներկայացուցիչների հետ համատեղ վերլուծվեցին նպաստող պայմաններն ու պատճառները, եւ ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ՝ տեղեկատվության փոխանակումը բարելավելու, առանձին դեպքերում աշխատանքային քննարկումներ ծավալելու վերաբերյալ, որոնք թույլ կտան բարելավել նախեւառաջ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կողմից նախականխիչ գործողությունների իրականացման, ինչպես նաեւ բացահայտումների արդյունավետությունը։ [b]ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր