211652_close_icon

ՀԵՀ-ը պարգևատրել է բարձր մարզական ցուցանիշների հասած ուսանող մարզիկներին

views-count2581 դիտում article-date 11:40 06-02-2017
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խրախուսման արարողությանը տեղեկացրեց, որ հիմնադրամը ցանկություն ունի երիտասարդների շրջանում ստեղծել մարզական շարժում, որպեսզի ավելի շատ ուսանողներ և բուհեր մասնակցեն սպորտային խաղերին. «Մեր ցանկությունն է, որ սպորտը, ֆիզկուլտուրան, առողջ ապրելակերպն իրենց ուրույն տեղն ունենան մեր երիտասարդության կյանքում։ Նրանք պետք է մշտապես ցուցաբերեն սպորտային ակտիվություն, մասնակցեն մարզական միջոցառումների։ Այս տարի Հայաստանի ուսանողական մարզական խաղերին մասնակցել է մոտ 2000 ուսանող՝ 10 մարզաձևից։ Եվ մենք փորձելու ենք այնպիսի հնարավորություններ ստեղծել, որպեսզի այդ թիվը մեծանա»: ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2016-ին ուսանող-մարզիկների ձեռքբերումները, փաստեց, որ ուսանող հայ մարզիկները մասնակցել են համաշխարհային և Եվրոպական ուսանողական մարզական տարբեր միջոցառումների՝ ձեռք բերելով ոսկե մեդալներ շախմատում։ 2016-ին ՀՊՏՀ ֆուտզալի տղաների ՀՀ բարձրագույն խմբում տարած հաղթանակի շնորհիվ Հայաստանը հյուրընկալել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկության A խմբի խաղերը։ 2017-ին ուսանող հայ մարզիկները պատրաստվում են մասնակցել չինական Թայվանում կայանալիք Համաշխարհային ուսանողական ամառային խաղերին։ Կայանալու են նաև եվրոպական համալսարանական առաջնություններ. «Հույս ունեմ, որ Հայաստանը մի քանի մարզաձևից կմասնակցի այդ միջոցառումներին»: Նշենք, որ պարգևատրված մարզիկների թվում էին գրոսմաստերներ, շախմատի աշխարհի և Եվրոպայի ուսանողական առաջնությունների հաղթողներ Հավհաննես Գաբուզյանն ու Զավեն Անդրիասյանը։ Ծաղկաձորյան հավաքի ընթացքում ուսանող մարզիկներին ներկայացվեց Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի և Համալսարանական սպորտի Եվրոպական ասոցիացիայի կողմից կազմակերպվող համաշխարհային և մայրցամաքային մրցաշարերի մասին տեղեկատվություն, ինչպես նաև՝ Հայաստանում իրականացվող մարզական ծրագրեր: Միջոցառումը կազմակերպեցին ՀԵՀ-ը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան։ Միջոցառման ընթացքում ՀՀ ֆուտզալի կրկնակի չեմպիոն ՀՊՏՀ թիմի անդամների ստորագրություններով գնդակ փոխանցվեց ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանին ուսանողական սպորտին մշտապես աջակցելու համար: [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր