211652_close_icon
views-count4527 դիտում article-date 21:26 03-02-2017

Ներկայացվել են Երևանի քաղաքապետարանի տուրիզմի ոլորտում 2016թ. իրականացված աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է զբոսաշրջության ոլորտում 2016թ. իրականացված աշխատանքներն ու 2017թ. ծրագրերը: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը: Մարիա Բարաղամյանի փոխանցմամբ 2016 թ. բաժինը շարունակել է ծրագրերը չորս հիմնական ուղղություններով՝ զբոսաշրջիկների տեղեկատվական աջակցության տրամադրման, միջոցառումային զբոսաշրջության զարգացման, միջազգային համագործակցության և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: «Այս համատեքստում պետք է նշեմ, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժինը, համագործակցելով մայրաքաղաքի զբոսաշրջային ինդուստրիայի հետ, նախապատրաստում և ներկայացնում է առաջարկներ` Երևանում զբոսաշրջության քաղաքականություն մշակելու, համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչպես նաև Երևանի քաղաքային ենթակայության զբոսաշրջային օբյեկտներ կառուցելու, հանգստի գոտիներ ստեղծելու, պահպանելու և շահագործելու վերաբերյալ», - նշել է Մարիա Բարաղամյանը՝ հավելելով, որ Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ մշակել է զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման հարցում ներդրումներ ներգրավելու առաջարկներ: Երևանի քաղաքապետի օգնականը նկատել է, որ ըստ պետական վիճակագրական ծառայության տվյալների` 2016 թ. Հայաստան է եկել 1 259 657 զբոսաշրջիկ, որոնք առնվազն մեկ օր անցկացրել են Երևանում: Զբոսաշրջիկների հիմնական ներհոսք է նկատվել հատկապես Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցի և մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարության օրերին։ «Զբոսաշրջիկներին տեղեկատվական աջակցման նպատակով Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում ստեղծվել է «Միջոցառումների օրացույց» բաժինը, որտեղ ներկայացվում են մայրաքաղաքում կազմակերպվող մարզական, մշակութային և զբոսաշրջային իրադարձային միջոցառումները: Տպագրվել են երկլեզու զբոսաշրջային քարտեզներ, որոնք բաժանվել են զբոսաշրջային բոլոր թիրախային օղակներում: Աշխատանքներ են տարվում զարգացնելու իրադարձային զբոսաշրջությունը, որի շրջանակում առանձնացվում են արդեն ավանդական դարձած «Համով-հոտով Երևան», «Երևանի գարեջրի» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոները: Ի դեպ, նախորդ տարի «Երևան ՏԱՐԱԶֆեստ»-ն անցկացվեց Ստեփանակերտում, որը միտված էր զարգացնելու Երևան-Ստեփանակերտ մշակութային և զբոսաշրջային կապերը: Տուրիզմի բաժինը համակարգում է նաև «Երևան Սիթի Տուր» քաղաքային զբոսաշրջային պաշտոնական ծրագիրը, որի ծառայություններից 2016 թ. օգտվել է շուրջ 4000 այցելու, որի 50%-ը կազմել են զբոսաշրջիկներ Ռուսաստանից, Չինաստանից, ինչպես նաև ԵՄ երկրներից», - նշել է Մարիա Բարաղամյանը: Տուրիզմի բաժնի կողմից կատարվել է հյուրանոցային տնտեսության օբյեկտների գույքագրում, որի արդյունքում 2016թ. դրությամբ Երևանում գործում է 10-ից ավելի ննջատեղ ունեցող շուրջ 200 հյուրանոցային տնտեսության օբյեկտ: Երևանում 2017թ. շահագործման կհանձնվի ևս 2 հյուրանոց, արդյունքում մայրաքաղաքի հյուրանոցային տնտեսությունը կավելանա 400 համարով: Անդրադառնալով տուրիզմի ոլորտում միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը՝ բանախոսը նշել է, որ այս համատեքստում ակտիվ գործունեություն է իրականացվում քույր և գործընկեր քաղաքների հետ, մասնավորապես 2016թ. ակտիվ համագործակցություն է ձևավորվել Սանկտ Պետերբուրգի, Կազանի և Լիոնի զբոսաշրջային կոմիտեների հետ: Նախորդ տարի Երևանի և Սանկտ Պետերբուրգի հետ տեղի է ունեցել սոցիալական գովազդի փոխանակում, ինչը կշարունակվի նաև 2017թ.: 2016թ. Երևան քաղաքը ներկայացվել է նաև Թբիլիսիում 18-րդ կովկասյան զբոսաշրջային ցուցահանդեսին և Չինաստանում կայացած Քաղաքապետերի 5-րդ միջազգային զբոսաշրջային ֆորումին: Անդրադառնալով տուրիզմի բաժնի կողմից կարևորվող 2017թ. համար նախանշված ծրագրերին և աշխատանքներին՝ Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ներկայացրել է դրանցից թիրախայինները: «Զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից կարևորվում է Երևանի կենդանաբանական այգու արդիականացման ծրագիրը, նկատվում է այցելուների մեծ ակտիվություն: 2016թ. Կենդանաբանական այգին ունեցել է 320.000 այցելու, ինչը գերազանցում է 2015թ. ցուցանիշը: Ծրագրի նպատակն է տարածաշրջանում ունենալ մրցունակ ենթակառուցվածք: Երևանը զբոսաշրջիկների համար գրավիչ ու հետաքրքիր վայր դարձնելու մյուս ծրագրերից է «Վերնիսաժի» վերակառուցումը և արդիականացումը: Զբոսաշրջային ենթակառուցվածքների արդիականացման նպատակով մշակվել են ներդրումային փաթեթ-առաջարկներ, որոնք ներառում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Շենգավիթ և Կարմիր բլուր հնավայրերի վերականգնման և զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծման ծրագրերը, ակտիվ բանակցություններ են տարվում ներդրողների հետ «Հաղթանակ» զբոսայգու ծրագրի շուրջ», - նշել է Մարիա Բարաղամյանը: Հանդիպման վերջում տեղի է ունեցել հարց ու պատասխան: Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպոտի չլուծված խնդիրները և համապատասխան տեղեկատվական ենթակառուցվածքների բացակայությունը կարող են լրջորեն խոչընդոտել զբոսաշրջության զարգացմանը, Մարիա Բարաղամյանը տեղեկացրել է, որ վերոնշյալ հարցն օրակարգային է, և արդեն իսկ ձեռնարկվում են դրանց լուծման գործնական քայլեր: Մասնավորապես մայրաքաղաքում երթուղային նոր ցանցի ձևավորման նպատակով բրիտանական «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ լիմիթիդ» խորհրդատվական ընկերության հետ կնքված պայմանագրով առաջիկայում կմշակվի երթուղային նոր ցանց, ինչպես նաև ինտեգրված սակագնի և տոմսային համակարգ: Տրանսպորտային խնդրից բացի, առաջիկայում համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում Երևանի կենտրոնում կտեղադրվի նաև 6-7 բիոզուգարան: Զուգահեռաբար, Երևանի կենտրոնում տեղակայված սրճարանների սեփականատերերի հետ բանակցություններ են տարվում՝ իրենց տարածքում առկա զուգարանները զբոսաշրջիկների համար հասանելի դարձնելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր