211652_close_icon
views-count4989 դիտում article-date 13:56 03-02-2017

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ուսանողները ստացել են ուսման վարձի առնվազն 50 % զեղչ. ՀՀ ԿԳՆ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ բանակից զորացրված ուսանողները, ովքեր 2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ: Վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը: 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաև միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել և վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են: Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչև ապրիլ: Միաժամանակ հավելենք նաև, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն /նրանք զինգրքույկում պետք է ունենան մարտական հերթապահության մասին գրառում և համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի: Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից և ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

Նմանատիպ նյութեր