211652_close_icon
views-count3761 դիտում article-date 20:15 31-01-2017

«Ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է». ՀՀ վարչապետը կարևորել է ծախսերի և գործառույթների վերաբաշխումը

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր՝ հունվարի 31-ին, շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին զեկուցել են ՀՀ կրթության և գիտության, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարները, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցել է, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է շուրջ 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում մշակված «Արարատյան բակալավրիատ» կրթական ծրագրի ներդրման գործընթացը ՀՀ մարզերի հանրակրթական պետական ուսումնական հաստատություններում: ՀՀ 5 պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, իսկ 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում 6 բուհ իրականացրել է ծրագրեր: Անդրադառնալով 2017 թ. գերակա խնդիրներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են իրականացնել բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ: Կառավարության ղեկավարը նշել է, որ ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Կարեն Կարապետյանը կարևորել է վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը և հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն դրա վերաբերյալ: «Կարևորագույն օղակը պետության մեջ դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ և աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ է ժամանակակից կյանքին ու մարդուն: Բայց միևնույն ժամանակ ծախսում ենք ոչ էֆեկտիվ: Ծախսվող գումարը և արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է», - ասել է վարչապետը՝ կարևորելով ծախսերի և գործառույթների վերաբաշխումը:

Նմանատիպ նյութեր