211652_close_icon
views-count3368 դիտում article-date 22:37 26-01-2017

ՀՀԿ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում. ընտրությունների օրը կարող է փոխվել. Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաղաքական խոչընդոտ չի տեսնում խորհրդարանական ընտրությունների օրը հետաձգելու մեջ, եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության: Այս մասին այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀԿ խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նշել է, թե այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդի նիստին: «Այս օրերին մենք տեսանք, որ որոշ գործընկերներ տարբեր կուսակցություններից իրենց առաջարկությունները ներկայացրին ընտրության օրվա հետ կապված, քանի որ այդ օրը լրանում է քառօրյա պատերազմի մեկամյակը: Իհարկե, իրավաբանները նշում են, որ չի հակասում Սահմանադրությանը եւ Ընտրական օրենսգրքին, սակայն մեր կարծիքը հետևյալն է` ապրիլի 2-ը ազգային համախմբման, միասնության, մեր հերոս տղաների հիշատակի օրն է, բանակաշինության ոլորտում ձեռքբերումների մեկամյակը կարող է լինել: Եթե բոլոր քաղաքական դերակատարները գան քաղաքական պայմանավորվածության, որ մի քանի օրով հետաձգենք ընտրության օրը, ՀՀԿ-ն այստեղ որևէ քաղաքական խոչընդոտ չի տեսնում»,- ասել է Շարմազանովը և հավելել, որ իրենք պատրաստ են բոլոր քաղաքական ուժերի հետ քննարկելու այս հարցը: Նշենք, որ ՀԱԿ-ն ու այլ քաղաքական ուժեր ՀՀԿ-ին կոչ էին արել տեղափոխել ընտրությունների օրը՝ պատճառաբանելով, որ այդ օրը լրանում է ապրիլյան պատերազմի տարելիցը և իրավական ու բարոյական առումներով սխալ է ընրությունները նշանակել ապրիլի 2-ին:

Նմանատիպ նյութեր