Հաշմանդամների և թոշակառուների համար նոտարական որոշ ծառայություններ կմատուցվեն նվազագույն սակագնով. Արփինե Հովհաննիսյան
Սոցիալական մի շարք խմբերի համար նոտարական որոշակի ծառայություններ նվազագույն սակագնով կմատուցվեն: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Սահմանված վճարների նվազագույն սակագինը կգործի անապահով ընտանիքների անդամների, 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց, կենսաթոշակառուների, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների համար:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելուց հետո ընդլայնվել է նոտարական գործողությունների և ծառայությունների շրջանակը։ Ներկայում նոտարը իրավասու է նաև հավաստել կտակակատարի լիազարությունները և տալ վկայագիր, հաստատել իրավաբանական նշանակություն ունեցող փաստերը, տալ կատարողական մակագրության թերթ և այլն։