211652_close_icon
views-count5156 դիտում article-date 10:38 26-01-2017

Վաստակավոր նկարիչ Զաքար Խաչատրյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Զ. Խաչատրյանի քաղաքացիական հրաժեշտը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 12:00-14:00-ն, Հայաստանի նկարիչների միության շենքում, հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: Հիեցնենք, որ 92 տարեկանում իր մահկանացուն կնքեց հայ կերպարվեստի երևելի դեմքերից մեկը՝ Հայաստանի ժողովրդական և Ռուսաստանի Դաշնության վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր Զաքար Ավագի Խաչատրյանը: Զաքար Խաչատրյանը ծնվել է 1924 թվականին Սիսիանի շրջանի Սառնակունք գյուղում: Նկարիչը դեռ չէր հասցրել դպրոցն ավարտել, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Նա մեկնեց ռազմաճակատ: Պատերազմի ավարտից հետո վերադառնալով հայրենիք 1946-ին ընդունվում է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան և ավարտում 1948 թվականին: Շնորհաշատ երիտասարդն արդեն 1950 թվականին Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ուսանող էր, որը գերազանցությամբ ավարտեց 1956 թվականին: 1959-1962 թթ. աշխատել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս Ալեքսանդր Գերասիմովի արվեստանոցում: 1962 թվականին վերադառնալով հայրենիք նա ակտիվ մասնակցություն է ունենում հանրապետության մշակութային-հասարակական կյանքին: Մասնակցում հանրապետական ու համամիութենական ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ ունենում Պետերբուրգում, Ժնևում, Մոսկվայում, Երևանում, Էջմիածնում, արժանանում` մրցանակների ու դիպլոմների: Նրա պրոֆեսիոնալ բարձր մակարդակով կատարված սքանչելի կտավները աչքի են ընկնում գաղափարական նպատակաուղղվածությամբ, որոնք արտացոլում են մեր կյանքն ու իրականությունը ժամանակի մեջ: 1970-1992 թվականներին, այնուհետև` 2012-ից մինչ կյանքի վերջը դասավանդել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1981-1994 թթ. ղեկավարել է գծանկարի ամբիոնը՝ իր ողջ գիտելիքներն ու հմտությունները հաղորդելով ապագա մանկավարժների երիտասարդ սերնդին: Զաքար Խաչատրյանը՝ Սիսիան քաղաքի պատվավոր քաղաքացի էր, Սանկտ-Պետերբուրգի վետերանների խորհրդի նախագահը: Հայրենասերի, իսկական քաղաքացու և մեծաշնորհ արվեստագետի հիշատակը վառ կմնա մտերիմների և գործընկերների սրտում:

Նմանատիպ նյութեր