211652_close_icon
views-count4245 դիտում article-date 22:00 25-01-2017

«Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված». ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Գաղափարների մրցույթ»

Հունվարի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարության և «Լույս» հիմնադրամի համագործակցության շրջանակում անցկացված «Գաղափարների մրցույթի» արդյունքները: Մրցույթի գնահատման հանձնաժողովի քննարկմանն են ներկայացվել են հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների 9 նախագծեր՝ միտված ՀՀ ՊՆ առջև ծառացած խնդիրների լուծմանը և մարտահրավերների հաղթահարմանը։ Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կարևորել է պաշտպանական գերատեսչության և «Լույս» հիմնադրամի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հիմնադրամի կրթաթոշակառուները սովորում են աշխարհի լավագույն ուսումնական հաստատություններում և տարբեր բնագավառներում կիրառում իրենց գիտելիքներն ու հմտությունները՝ նպաստելով մարտահրավերների հաղթահարման ու խնդիրների լուծման գործին։ «Մենք փորձում ենք գտնել բոլոր այն ուղղությունները, ծրագրերը, որտեղ գիտելիքը, տեխնոլոգիաները, փորձը կարող են օգտակար լինել բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը, բանակի կրթական գործառույթի ուժեղացմանը»,- ասել է Վիգեն Սարգսյանը և հավելել, որ բանակը պարտադիր ժամկետային զինծառայողին պետք է նաև լրացուցիչ հմտություն և գիտելիք ստանալու հնարավորություն ընձեռի։ Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված, հմուտ, առողջ, պատրաստված, քան զորակոչվող երիտասարդը։ Այս համատեքստում խոսելով բանակում կրթական համակարգի կատարելագործման մասին՝ նախարարը փաստել է, որ այդ ուղղությամբ բազմաթիվ ծրագրեր են մշակվում։ Այնուհետև «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները հաջորդաբար ներկայացրել են իրենց նախագծերը: Դրանք ներառում են կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, սոցիալական, ճանաչողական և այլ ոլորտներ։ Գնահատման հանձնաժողովը «Գաղափարների մրցույթի» հաղթողին կորոշի 10-օրյա ժամկետում, և հաղթող ճանաչված նախագծի հեղինակին կամ հեղինակային խմբին կտրամադրվի 2 միլիոն դրամաշնորհ նախագիծը կյանքի կոչելու համար։

Նմանատիպ նյութեր