211652_close_icon
views-count3117 դիտում article-date 10:54 19-01-2017

Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են». «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «20-րդ դարի ամենաինքնատիպ մտածողներից մեկը՝ Գեորգի Գուրջիևը, խորհուրդ է տալիս կիրառել «24 ժամվա սկզբունքը»։ Այստեղ ոչ մի արտառոց կամ միստիկ բան չկա, ամեն ինչ շատ պարզ է։ Եթե ձեզ վիրավորում են, հայհոյում են կամ նույնիսկ ապտակում են, մի՛ շտապեք պատասխանել։ Ներքուստ որոշում ընդունեք, որ պատասխանելու եք 24 ժամից։ Հետո գնացեք ու մտածեք, եթե ձեզ «նեղացնողը» ճիշտ էր, վերադարձեք և շնորհակալություն հայտնեք նրան։ Եթե նա, Ձեր կարծիքով, սխալ էր, ապա ի՞նչ իմաստ ունի վերադառնալ և հաշիվ պահանջել մի մարդուց, որի հետ ընդհանուր եզրեր չունեք։ Խոսքը, ընդգծեմ, վիրավորանքների, ոչ թե սովորական անհամաձայնության մասին է։ Օրինակ՝ իմ և հայ ժողովրդի ճնշող մեծամասնության միջև անհամաձայնություն կա անցած տարվա ամռանը ոստիկանական գնդի վրա հարձակվելու հետ կապված՝ մեր գնահատականները տրամագծորեն տարբեր են։ Արագաչափերի խնդրում նույնպես հայաստանցիների գերակշիռ մասն ինձ հետ համաձայն չէ։ Բայց հարյուր հազարավոր մարդկանց հետ իմ հակասությունների մեջ ես որևէ ողբերգություն չեմ տեսնում, չեմ փորձում որևէ մեկին համոզել և, ինչպես երևի նկատում եք, ամբիոն եմ տրամադրում այդ՝ իմ կարծիքին հակասող տեսակետների կողմնակիցներին: Այդ` լայն ժողովրդական զանգվածների խոսնակներից շատ քչերն են փորձում ինձ վիրավորել կամ պիտակ կպցնել: (Ես էլ, բնականաբար, նման բան չեմ անում): Իսկ ինչ անել նրանց հետ, ովքեր, այնուամենայնիվ, «պորտս տեղն են դնում», «խզարում են», «շշում են» և այլն: Առաջին 5 րոպեն կամ առավելագույնը կես ժամը գայթակղություն կա հակադարձելու իրենց ոճով: Այնուհետեւ մոտ 2-3 ժամ անց ցանկություն է առաջանում պատասխանելու ի՛մ ոճով: Իսկ 24 ժամի՞ց: Բնականաբար, մեկ օր անց որևէ ձգտում չկա այդ խնդրի շուրջ տվյալ անձնավորության հետ զրուցելու: Կարծում եմ՝ այդպիսին պետք է լինի նորմալ, ադեկվատ մարդու կեցվածքը: Շուտով նախընտրական քարոզչությունն ակտիվ փուլ կմտնի: Քաղաքական գործիչներն անխուսափելիորեն «իրար հագնելու են»: Փոքրիկ առաջարկություն. կիրառեք Գուրջիևի «24 ժամվա սկզբունքը»: Ենթադրենք, X-ը Y-ին կշտամբում է՝ «էս ի՜նչ վիճակի եք հասցրել էս երկիրը, այ սրիկա թալանչիներ»: Սովորական հակազդեցությունը հետևյալն է. Y-ը կամ անձամբ, կամ իր մամուլի խոսնակների, կամ էլ իր ԶԼՄ-ների միջոցով պատասխանում է` «բա մի հատ հիշի՝ ձերո՛նք ինչեր են արել, այ հանցագործներ»: Դրան X-ը կամ նրա խոսնակները պատասխանում են՝ «չէ, մեր ժամանակ ամեն ինչ կայֆ էր»: «Ի՞նչն էր կայֆ», և այսպես շարունակ: Եթե պատասխանում ես մի անգամ, ապա ձգտելու ես, որ 20-րդ, 30-րդ «փոխհրաձգության» ժամանակ քո խոսքը վերջինը լինի: Մարդիկ ընկնում են ազարտի մեջ և սովորաբար, ի դեպ, մոռանում են, թե ինչի մասին են վիճում: Մի խոսքով, փորձեք, հարգելի քաղաքական գործիչներ, վիրավորանքներին չպատասխանել: Գիտեմ, որ իմ առաջարկը չի ընդունվի: Գիտեմ, որովհետեւ լուսաբանում եմ արդեն 6-րդ խորհրդարանական ընտրությունները»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր