211652_close_icon

Մինչ քաղաքական գործիչներն իրար վրա կրակ են թափում, հրշեջ–փրկարարներն ու Խոսրովի անտառի ծառայողները, վտանգելով իրենց կյանքը, օրերի ընթացքում պայքարում էին անտառում առաջացած խոշոր հրդեհի դեմ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count43241 դիտում article-date 13:12 21-06-2020
Մինչ քանի օր է, քաղաքական դաշտում ընդդիմադիր ու իշխանամետ քաղաքական գործիչներն իրար վրա կրակ են թափում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մեծ թվով հրշեջ-փրկարարներ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի, փրկարար ծառայության տնօրեն Վրեժ Գաբրիելյանի, փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցում պայքարում են կայծակի հետևանքով առաջացած խոշոր հրդեհի դեմ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզման աշխատանքներ իրականացնելու նպատակով Խոսրովի անտառում աշխատել են 17 փրկարար ծառայող և հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ փրկարարներն ապահովության համար ոտքով մի քանի կիլոմետր ահռելի քանակությամբ ջուր են տեղափոխել արգելոց: Դեպքի վայրում աշխատել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական 4 ջոկատ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։ Տեղում օդային հետախուզություն է իրականացվել ուղղաթիռի միջոցով, տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել նաև անօդաչու թռչող սարք։ Աշխատանքները դադարեցվում էին ժամը 21:30-ին՝ մթության պատճառով: Մի քանի օրերի ընթացքում հրդեհի վայրում աշխատել են ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 աշխատակից, վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից և Ուրցաձոր գյուղից 10 կամավոր: Իսկ հունիսի 19-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. դեպքի վայրում աշխատել է 86 փրկարար ծառայող, արգելոցի 16 աշխատակից, ինչպես նաև՝ 3 հիմնական, 1 ամենագնաց, 1 կապի համար նախատեսված հատուկ և 6 փրկարարական ավտոմեքենաներ։ Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվել է օդային հետախուզություն և մշտադիտարկում արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5 հա խոտածածկույթ, կա մեկ ծխացող օջախ, որի վրա աշխատում են 34 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։ Հրշեջ-փրկարարական մեքենաների համար անմատչելի տեղանքում հրդեհաշիջում իրականացնելու համար փրկարարները մոտ 2 կմ տեղափոխել են հրդեհաշիջման պարագաներ, գործիքներ և ահռելի քանակությամբ ջուր։ Դեպքի վայրում են գտնվել և աշխատանքները տեղում ղեկավարել ՓԾ տնօրենի տեղակալ փրկարար ծառայության գնդապետ Ա․Գրիգորյանը, փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Տ․Պետրոսյանը, ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայությանծ գնդապետ Տ․Ավագյանը և Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Վ․Հովսեփյանը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։10-ին. աշխատանքներին մասնակցել են 120 փրկարար ծառայող և անտառտնտեսության 16 աշխատակից։ Հունիսի 20-ին, ժամը 08։00-ից Խոսրովի անտառ պետական արգելոցում վերսկսվել են հետախուզման աշխատանքները։ Մինչ ժամը 20։30-ը հրշեջ-փրկարարները մարել են բոլոր ծխացող օջախները. հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 43 փրկարար ծառայող և անտառտնտեսության 6 աշխատակից։ Այրվել է մոտ 5 հա բուսածածկույթ․իրականացվել է ծխացող օջախների, ծառիբների, տորֆային հատվածների քանդման և մարման աշխատանք: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ կրակի դեմ պայքարում առաջին իսկ օրվանից աշխատել են նաև Շրջակա միջավայրի նախարարության և Խոսրովի արգելոցի ծառայողները՝ տնօրեն Հրաչյա Հովակիմյանի գլխավորությամբ: Մինչդեռ, երբ տարիներ առաջ հրդեհ էր բռնկվել Խոսրովի անտառում, կրակի դեմ պայքարում աշխատում էին նաև քաղաքական գործիչներ, իսկ այսօր նրանք երևի ավելի շատ զբաղված են իրար վրա կրակ ու հուր լցնելով: Տեղում ծառայություն են կատարել նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի, ինչեպես նաև Արարատի և Վեդիի հիվանդանոցների բժիշկները, իսկ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի կարգադրությամբ՝ տեղում հերթափոխություն են կատարել մարզպետարանի համապատասխան վարչությունների աշխատակիցները և մարզպետարանն էլ մարզպետի կարգադրությամբ անընդհատ ջրատար ավտոմեքենաներով ջուր են մոտեցրել անտառին: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր