211652_close_icon
views-count2886 դիտում article-date 17:55 26-12-2016

Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում Սուրբ ծննդյան առթիվ տոնական միջոցառում է անցկացվել

Դեկտեմբերի 22-ին Լիբանանում ՀՀ դեսպանության և Լիբանանի ազգային կոնսերվատորիայի համատեղ կազմակերպմամբ Բեյրութի Սուրբ Հովսեփ եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ ծննդյանը առիթով կազմակերպված Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը: Համերգին ներկա էին Լիբանանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, Լիբանանի խորհրդարանի ներկա և նախկին պատգամավորներ, քաղաքական, դատական և ռազմական իշխանությունների ներկայացուցիչներ, հայ հոգևոր, քաղաքական, մշակութային կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, ով դրվատանքի խոսքեր հղեց Լիբանանի ազգային կոնսերվատորիային և նրա տնօրեն Ուալիդ Մուսալլամին, ինչպես նաև մաեստրո Հարութ Ֆազլյանին՝ ՀՀ դեսպանության հետ երկարամյա արդյունավետ համագործակցության համար: Դեսպանն ընդգծեց համերգի կարևորությունը Լիբանանի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդման և խորացման գործում և հույս հայտնեց, որ նմանատիպ միջոցառումները պարբերական բնույթ կկրեն գալիք տարում։ Համերգին մասնակցում էր նաև Հայաստանից հատուկ ժամանած տաղանդավոր ջութակահարուհի, մի շարք միջազգային փառատոնների դափնեկիր Դիանա Ադամյանը, ով ներկայացրեց Կամիլ Սեն-Սանսի, Արամ Խաչատրյանի և Ֆրից Կրեյսլերի ստեղծագործությունները: Նվագախումբը ղեկավարում էր Լիբանանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հարութ Ֆազլյանը:

Նմանատիպ նյութեր