211652_close_icon

Թե Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, թե ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը. Շարմազանով

views-count2332 դիտում article-date 17:27 22-12-2016
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 22-ին ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովին: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր ցավակցությունն է հայտնել ռուսական կողմին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի ահաբեկչական սպանության կապակցությամբ: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ հայ ժողովուրդը սեփական փորձից գիտի, թե ինչ է պետական ահաբեկչությունը. դրա վառ ապացույցն է դեռեւս 100 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանությունը, 21-րդ դարում Ադրբեջանի կողմից Նոր Ջուղայում հազարավոր խաչքարերի վերացումը և այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմը: ‹‹Եւ Նոր Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, և ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեցին Ադրբեջանի ահաբեկչական բնույթը››,- նշել է ԱԺ փոխնախագահը: Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ահաբեկչության դեմ միասնական պայքարելու անհրաժեշտությունը: ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է, որ որպես ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար՝ կարևորում է այն փաստը, որ ՌԴ ԴԺ համապատասխան հանձնաժողովն իր առաջին արտագնա նիստն անցկացնում է Հայաստանում: Պարոն Շարմազանովը մասնավորապես նշել է. ‹‹Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հարաբերությունները զարգանում են և երկու պետությունների շահերից է բխում խորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումն ու խորացումը, բայց, այնուհանդերձ, կարծում եմ, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերություններին պետք է նոր լիցք հաղորդել››: Լեոնիդ Կալաշնիկովը համաձայնել է ԱԺ փոխնախագահի այն տեսակետի հետ, որ հայ- ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Կողմերը կարևորել են հայ-ռուսական միջխորհրդարանական հարաբերությունների առավել զարգացումը և համակարգված աշխատանքը միջխորհրդարանական կառույցներում: Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Նմանատիպ նյութեր