211652_close_icon
views-count2552 դիտում article-date 16:46 21-12-2016

Բժշկական էթիկայի և առողջապահության ոլորտում ստվերի ու կոռուպցիոն ռիսկերի կրճատման հարցերը` ՀԽ նիստի օրակարգում

ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստին ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Իզաբել Աբգարյանը ներկայացրել է «Բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նա նշել է, որ նախագծով սահմանվել են բժշկական էթիկայի ոլորտը կարգավորող հարաբերությունների շրջանակը` կարգավորելով ինչպես բուժաշխատող-պացիենտ, բուժաշխատող-բուժաշխատող, այնպես էլ բուժաշխատողի` իր մասնագիտական գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերություն: Խորհրդի անդամները դրական են գնահատել նախաձեռնությունը և նախագծի անհրաժեշտությունը` որպես բուժաշխատող-պացիենտ հարաբերությունների կարգավորման գործիք ու ներկայացրել իրենց դիտարկումները և տեսակետները նախագծի վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը կարևորել է հասարակական խորհրդի անդամների կողմից ներկայացված կարծիքները և նշել, որ հնչած առաջարկները կքննարկվեն և հնարավորության դեպքում կներառվեն նախագծի վերջնական տարբերակում: Նիստի օրակարգի երկրորդ հարցի` առողջապահության ոլորտում ստվերի ու կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակման վերաբերյալ քննարկումների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որպեսզի հասարակական խորհրդի անդամները գրավոր ներկայացնեն առաջարկներ, որոնք կներառվեն առողջապահության ոլորտում ստվերի և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի նախագծում:

Նմանատիպ նյութեր