211652_close_icon
views-count6112 դիտում article-date 11:52 20-12-2016

ԵՊԼՀ-ում ընտրեցին լավագույն և ամենաակտիվ ուսանողներին. նորամուծություններ մրցույթում

Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանի (ԵՊԼՀ) լավագույն ուսանողը Գոհար Մնացականյանն է, իսկ ամենաակտիվ ուսանողի տիտղոսն այս տարի կկրի Ժենյա Տեր-Վարդանյանը: Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանն ամփոփվեցին նաև «ԵՊԼՀ լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ 2016», «ԵՊԼՀ ՈՒԽ լավագույն հանձնաժողով 2016» մրցույթները: Այս տարի առաջին անգամ բուհն ընտրեց նաև ամենաակտիվ դասախոսին: Միջոցառման երկրորդ հատվածում իրենց ուսանողական գրքույկները ստացան բուհի առաջին կուրսեցիները: Տեղեկացնենք, որ մրցանակաբաշխությունը կազմակերպել են ՀԵՀ-ը և բուհի ուսանողական խորհուրդը: «ԵՊԼՀ լավագույն ուսանող 2016» մրցանակաբաշխության ժամանակ լավագույններին ընտրության ընթացքում առաջնային չափանիշներն են ուսանողի առաջադիմությունը, կատարած հետազոտական աշխատանքը և հասարակական ակտիվությունը: Բուհի ռեկտոր Գայանե Գասպարյանը, շնորհավորելով լավագույններին, ցանկացավ, որ աստղերին հասնելու ճանապարհը նրանք անցնեն առանց տանջանքների՝ հակառակ հին հռոմեացիներ ասույթի: Մինչ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողների պարգևատրումը ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը խոնարհումի և շնորհակալության խոսք հղեց բոլոր այն քաջորդիներին, ովքեր իրենց կյանքով, սխրանքներով ապահովեցին մեր երկրի խաղաղությունը, օլիմպիական չեմպիոններին և ընդհանրապես այն բոլոր երիտասարդներին, ովքեր կարողանում են մեր երկրի պատիվը բարձր պահել: Այնուհետև հավաստիացրեց. «Լավագույն ուսանողը միայն լավ սովորող ուսանողը չէ, միայն գիտությամբ զբաղվող ուսանողը չէ, այլև հասարակական ակտիվություն ունեցող ուսանողն է: Դուք սովորում եք ձեզ համար, գիտությամբ եք զբաղվում ձեզ համար, միայն հասարակական աշխատանքն է, որ իրականացնում եք շրջապատող մարդկանց համար: Երբեք չթերագնահատեք ձեր այդ աշխատանքը: Այն մարդիկ, որոնք ունենալով գիտելիքներ ու նվաճումներ, կարողանում են նաև հասարակական աշխատանքով առանձնանալ, իրենք, իրոք, լավագույնն են: Կարեն Ավագյանը փաստեց, թե տարբեր բուհերում «Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն իրականացվում է տարբեր ձևաչափով, բայց սկզբունքը մեկն է՝ խրախուսել լավ սովորող, ակտիվ և գիտությամբ զբաղվող ուսանողներին: Հայաստանի երիտասարդական հիմնադրամ

Նմանատիպ նյութեր