Շատ եվրոպական երկրների առողջապահության ոլորտի մասնագետներ կնախանձեին Երևանում Կառլեն Եսայանի անվան վերաբացված պոլիկլինիկայի աշխատանքային պայմաններին. վերաբացմանը ներկա էր նախագահ Սերժ Սարգսյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացմանը: Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
Երևանի քաղաքապետի, առողջապահության ոլորտի պատասխանատուների և ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի ընտանիքի անդամների ուղեկցությամբ Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել բուժհաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, առողջապահական որակյալ ծառայություն մատուցելու նպատակով հաստատությունում ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի ներկայացուցիչների հետ:
ՀՀ Նախագահին ներկայացրել են, որ բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմաններ:
Շրջայցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության պատասխանատուները Նախագահին ներկայացրել են նախարարության կողմից առողջության առաջնային պահպանման օղակում իրականացվող զանգվածային սկրինինգային ծրագրերի ընթացքը: Անդրադարձ է եղել նաև ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի աշխատանքների կազմակերպման խնդիրներին:
Հանրապետության Նախագահի ներկայությամբ տեղի է ունեցել նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը: