211652_close_icon
views-count2979 դիտում article-date 20:12 30-11-2016

ՀՀ կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 40 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր է ստորագրվել

2016թ. նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև ստորագրվել է 40 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկային համաձայնագիր: Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ֆրանսիայի Հանրապետության անունից՝ Զարգացման ֆրանսիական գործակալության տնօրենի տեղակալ Ժան Կլոդ Պիրեն և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆրանսուա Շարպենտիեն՝ որպես համաստորագրող: Վարկային համաձայնագրով նախատեսված բյուջետային աջակցության նպատակն է խթանել ՀՀ կառավարության բարեփոխումների ծրագրի՝ հարկաբյուջետային, սոցիալական, շրջակա միջավայրի կայունության և մրցունակության ամրապնդման ուղղություններերը: Նման բյուջետային աջակցության վարկավորման մեխանիզմը, ի տարբերություն նպատակային ծրագրերի, հնարավորություն է ընձեռում՝ ֆինանսավորելու բյուջեի կարևորագույն ծախսային ուղղությունները: Ընդհանուր առմամբ, բյուջետային աջակցության վարկերն ունեն ակնհայտ առավելություններ. մասնավորապես` բյուջետային աջակցության միջոցների բաշխման և օգտագործման ճկունությունն ավելի մեծ է, քանի որ տվյալ պարագայում կառավարությունը գերակայությունների և առաջնահերթությունների վերանայման դեպքում միջոցները արագ վերաբաշխելու իրավասություն ունի: Բյուջետային վարկերը կարող են օգտագործվել այնպիսի ծրագրերի ֆինանսավորման համար, ինչպիսիք են հետգնման եկամտաբերություն չունեցող, սակայն հանրային և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նախագծերը: Եվ վերջապես, բյուջետային աջակցության վարկերն ուղղակիորեն ստացվում են իրականացվող քաղաքականության ներքո և ուղղվում են պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Մասնավորապես, յուրաքանչյուր բյուջետային աջակցության վարկի տրամադրման համար սահմանվում են նախապայմաններ և միջոցառումներ, որոնց իրականացումը կառավարությունը համարում է գերակա և որոնք արդեն իսկ հաստատված են կառավարության կողմից ընդունված ռազմավարություններով կամ տարեկան գործողությունների ծրագրերով:

Նմանատիպ նյութեր