211652_close_icon
views-count2785 դիտում article-date 15:35 30-11-2016

Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու ԵԱՏՄ երկրների մաքսային ծառայությունների խորհրդի 21-րդ նիստին: Ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ այս ձևաչափով հանդիպումները նպաստում են մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացմանը և ավելացրել, որ միայն համատեղ ջանքերով հնարավորություն կլինի հասնել ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանն ու բիզնեսի կայուն զարգացման համար պայմանների ապահովմանը: Կարևորելով մաքսային ոլորտում փոխգործակցության զարգացումը՝ Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ այն թույլ կտա ավելի օպերատիվ արձագանքել խնդիրներին, գտնել փոխընդունելի ու արդյունավետ որոշումներ: Նշելով, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի վերջին նիստում համաձայնեցվել է ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի նախագիծը՝ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այն կդառնա ԵԱՏՄ իրավանորմատիվային դաշտի հիմնական փաստաթղթերից մեկը և կնպաստի միության տնտեսական գործունեության արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի արտաքին տնտեսական գործունեության պայմանները: ԵԱՏՄ անդամ երկրների մաքսային կառույցների ղեկավարները շնորհակալություն են հայտնել խորհրդի նիստը ՀՀ-ում անցկացնելու պատրաստակամության և այն բարձր մակարդակով նախապատրաստելու համար: Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել է, որ ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի ընդունումը նոր թափ կհաղորդի ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը, մաքսային ոլորտում արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը, առևտրաշրջանառության դյուրացմանը:

Նմանատիպ նյութեր