ՀՔԾ քննիչների համար կազմակերպվել է լրացուցիչ դասընթաց
Արդարադատության ակադեմիայում մասնագիտական վերապատրաստում անցած ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների համար կազմակերպվել է լրացուցիչ դասընթաց ՛Խոշտանգման և վատ վերաբերմունքի վերաբերյալ հայտարարությունների քննությունը և կյանքի իրավունքին առնչվող գործերը՛ թեմայով: Առաջին դասընթացն անցկացվեց նոյեմբերի 26-ին՝ Հատուկ քննչական ծառայությունում: Երկրորդը՝ նախանշված է դեկտեմբերի 3-ին: Հատկանշական է, որ այս վերապատրաստումներն անցկացնում են Արդարադատության ակադեմիայի այն դասընթացավարները, որոնք ամիսներ առաջ հաջողությամբ ավարտել են
Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ անցկացված վերապատրաստողների վերապատրաստումը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները քննարկել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են կյանքի իրավունքին, դրա բժշկական ասպեկտներին, պետության պարտավորություններին, խոշտանգման և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի արգելքին, վատ վերաբերմունքի այլ ձևերին, մարդու իրավունքների միջազգային համակարգին և Հայաստանի Հանրապետության համար դրա նշանակությանը, արդյունավետ քննությանը, հանրային վերահսկողությանը և այլն:
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին է տրամադրվել Եվրոպայի Խորհրդի հայաստանյան և միջազգային փորձագետների կողմից մշակված նոր դասընթացի նյութերն ամփոփող ձեռնարկը, այն է՝ Կյանքի իրավունքին, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքին առնչվող գործերի քննությունը: Ձեռնարկը հեղինակել են Սերգեյ Առաքելյանը և Ջուլիա Կոզման:
Տեղեկացնենք, որ վերոնշյալ վերապատրաստումներն իրականացվում են «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին և պայքար վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ» Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ ծրագրի շրջանակում:
-- -
[b]Արդարադատության ակադեմիայի հանրային կապերի բաժին.[/b]