Երևանում կայացավ Աշուղ Նազելիի հեղինակային երգերի համերգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 23-ի երեկոյան,Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում կայացավ բանաստեղծուհի, երգչուհի Աշուղ Նազելիի հեղինակային երգերի համերգը: «Կարմիր վարդի ալն եմ սիրում» խորագիրը կրող համերգը երգչուհու առաջին համերգն էր, որի ընթացքում նրա բոլոր երգերը հնչեցին մեկ բեմում:
Համերգին հրավիրվածների գերակշիռ մասն ազատամարտիկների և զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն էին, ավագ սերնդի մանկավարժները և անապահով ընտանիքների դպրոցականներն ու ուսանողները, իսկ համերգի պատվավոր հյուրերի շարքերում նստած էին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպաներն ու կուրսանտները:
«Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի նվագակցության ներքո ժողովրդական երգի երիտասարդ, հայտնի և խոստումնալից կատարողներն ու հենց ինքը՝ Աշուղ Նազելին, հանդիսատեսին ներկայացրեցին նրա ստեղծագործությունները:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի