211652_close_icon
views-count45702 դիտում article-date 18:20 21-11-2016

«Հիդրոմետի» աճն ու Գագիկ Սուրենյանը

Վերջին տարիներին հասարակության գրեթե բոլոր շերտերի վստահությունը «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումների նկատմամբ շեշտակիորեն բարձրացել է: Եթե մինչեւ 2005-06 թվականները հանրության մոտ Հայաստանում սպասվող եղանակի կանխատեսումների նկատմամբ կար թերահավատ վերաբերմունք, մարդիկ սովոր էին եղանակի մասին իմանալ ռուսական աղբյուրներից եւ մոտավորապես ենթադրել, թե ինչ է սպասվում Հայաստանում, ապա վերջին տարիներին այդ պատկերը փոխվել է: Ծառայության կանխատեսումների արդարացվածությունը մոտենում է գրեթե 100%-ին: Մեկ տարվա ընթացքում լինում է ընդամենը 1-2 լուրջ սխալ, ինչը մասնագիտական մակարդակում շատ բարձր ցուցանիշ է համարվում: Սա է պատճառը, որ հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ, կլինի դա հողագործ թե բանվոր, շինարար թե խոտհունձի սպասող գյուղացի, իր աշխատանքը պլանավորում է եղանակի վերաբերյալ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսումները լսելուց հետո: Սրանում անկասկած մեծ է ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի ներդրումը: Հենց նրա համառ ջանքերի, հանրության հետ մշտական կապի, լրատվամիջոցների համար հասանելիության, մատուցման ձեւի, գիտական որակավորումների եւ մասնագիտական կարողությունների շնորհիվ է, որ այսօր «Հիդրոմետի» կանխատեսումներն աներկբա ընդունվում են բոլորի կողմից որպես ճշմարտություն: Եվ բացի այն, որ իր հարցազրույցների, ֆեյսբուքյան գրառումների շնորհիվ Սուրենյանը ամենօրյա ռեժիմով հասարակությանը ներկայացնում է սպասվող եղանակի մասին տեղեկատվություն, նա նաեւ առաջին մասնագետն է, որ եթերում իր գիտական կարողությունների շնորհիվ հիմնավորում է, թե ինչով են պայմանավորված կոնկրետ օդերեւութաբանական երեւույթները: Սուրենյանի մասնագիտական հեղինակության եւ մարդկային համակրանքի մասին է վկայում այն փաստը, որ մարդիկ արդեն նրան դիմում են այնպիսի հարցերով, ինչպիսիք են. «Այգիս ուզում եմ սրսկել՝ անձրեւ գալո՞ւ է, թե ոչ», «խոտս պետք է հնձեմ՝ անձրեւ հո չի՞ գալու» եւ այսպես շարունակ: Այսինքն իր գործունեության տարիներին նա ոչ միայն ցույց է տվել իր մասնագիտական կարողությունները, նպաստել «Հիդրոմետ» ծառայության հեղինակության աճին, այլեւ մշտապես հասարակ մարդու կողքին է, նրա հոգսերին հաղորդակից:

Նմանատիպ նյութեր