Խոշոր ավտովթար Ձորաղբյուրի ճանապարհին․«Վասպուրական» ռեստորանի մոտ Fiat-ը բախվել է «ՎիվաՍել» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի Lexus-ին․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում  Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի մոտ գտնվող  «Վասպուրական» ռեստորանի մոտ բախվել են Lexus  մակնիշի 090 LL 90 համարանիշի և  Fiat մակնիշի 31 LO 963 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ոստիկանության Աբովյանի բաժնի  օպերատիվ խումբը։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննիչ Նարեկ Մովսիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Աբովյանի բաժնի պահպանվող  հատուկ տարածք։ 
Ոստիկաններն ու քննիչները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Գ․Շամշյանի տեղեկություններով Lexus-ը վարել է «ՎիվաՍել» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով նույնպես գտնվում է դեպքի վայրում։
Ըստ նախնական  տեղեկությունների վթարի մեղավորը եղել է Fiat-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի  և ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Lexus-ին։ 
Fiat-ի վարորդի վրայից  զգացվում էր  ուժեղ ալկոհոլի հոտ։ 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


