211652_close_icon
views-count2169 դիտում article-date 15:44 18-11-2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ներդրումային ծրագրեր ներկայացնել

Կառավարության ղեկավարի հաջորդ հանձնարարականը վերաբերել է ներդրումային ծրագրերին. «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում ձևավորվել է ներդրումային ծրագրերի ներկայացման միասնական հարթակ: Հրավիրում ենք բոլոր գործընկերներին, ովքեր ունեն ներդրումային ծրագրեր, ներկայացնել դրանք ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն: Նախարարության էլեկտրոնային կայքում արդեն իսկ տեղադրված են ներդրումային ծրագրերի լրացման միասնական ձևաչափերը, դրանք տրամադրելու հասցեները և պատասխանատու մասնագետների տվյալները: Ելնելով դրանից՝ հանձնարարում եմ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և մարզպետներին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումային ծրագրեր: Սա չի նշանակում, որ եթե մեկ ամիս հետո նոր ներդրումային ծրագիր լինի, պետք չէ ներկայացնել»: Գործադիրի ղեկավարն առաջարկել է Երևանի քաղաքապետին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատին և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությանը` մեկամսյա ժամկետում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն ներկայացնել առկա ներդրումային ծրագրերը: Կարեն Կարապետյանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հանձնարարել է նաև ամփոփել ներկայացված ներդրումային ծրագրերը, ընտրված իրատեսական ծրագրեր ներկայացնել օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին, ինչպես նաև պոտենցիալ ներդրողներին և եռամսյակի կտրվածքով ներկայացնել տեղեկատվություն իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ: Գործադիրի ղեկավարի դիտարկմամբ՝ գործընթացը շարունակական է լինելու. «Այս կոչը վերաբերում է բոլոր բիզնեսմեններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այնպես չէ, որ բիզնեսմենը չի կարող առաջարկություն ներկայացնել: Գաղափարն այն է, որ կառավարության ծրագրով մենք նախատեսել ենք ստեղծել հատուկ խրախուսման ֆոնդ, որով բիզնեսին պետք է աջակցենք: Կարծում եմ, որ մենք լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու հնարավորություն միշտ ունեցել ենք և կունենանք, մեզ պետք են ծրագրեր, որոնք հիմնավոր են և կտան մաքսիմալ էֆեկտ, որպեսզի կարողանանք այդ աղբյուրները ներգրավել»: Արտասահմանյան ներդրումների խթանման առումով վարչապետն անհրաժեշտ է համարել նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի օտար լեզուներով թարգմանությունը և հանձնարարել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին հետևողական լինել այդ հարցում:

Նմանատիպ նյութեր