211652_close_icon
views-count1596 դիտում article-date 19:23 17-05-2016

Արցախի վարչապետը կառավարության նիստում հանձնարարել է ծախսերի կրճատման ծրագրեր ներկայացնել

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ՝ մայիսի 17-ին տեղի է ունեցել ԱՀ կառավարության հերթական նիստը: Գործադիր մարմինը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի «Ֆինանսավարկային կազմակերպությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երկրորդ և երրորդ խմբի հաշմանդամներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների զավակներին, փախստականներին և բազմազավակ, միածնող ընտանիքներին հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ, բնակելի տներ գնելու կամ բնակելի տներ կառուցելու և (կամ) վերանորոգելու նպատակով պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 889-Ն որոշման մեջ: Նոր որոշման ընդունումը պայմանավորված է նշյալ քաղաքացիների համար, նրանց կողմից բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ: Որոշմամբ՝ բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով ԼՂՀ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող երրորդ խմբի հաշմանդամներին, փախստականի կարգավիճակ ունեցող շահառուներին տրամադրվում է գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճար՝ հետ վերադարձման պայմանով, ապա՝ նաև բնակարան, բնակելի տուն ձեռք բերելու նպատակով վերը նշված շահառուներին գործարքի արժեքի մինչև 20 տոկոսային կետի չափով կանխավճարը կտրամադրվի անհատույց: Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է մտցրել ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ: Նոր որոշմամբ, մասնավորապես, սահմանվում է, որ աշխատանքային կենսաթոշակները կվերահաշվարկվեն աշխատանքային և զինվորական կենսաթոշակները հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակների չափերը փոխվելու դեպքում : Արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև առանձին ցուցակում նշված պաշտոններում աշխատած ժամանակահատվածները, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքից մեկ տարի շուտ նշանակված կենսաթոշակը, ինչպես նաև չաշխատելու պայմանով նշանակված կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը դադարեցվում են՝ ըստ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանի: ԼՂՀ կառավարության 2012թ. հունվարի 19-ի «Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող ամենամսյա պարգևավճարների չափերը՝ ըստ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, պարգևավճար նշանակելու և վճարելու կարգը սահմանելու մասին» N 10-Ն որոշման մեջ արված փոփոխություններով ու լրացումներով հստակեցվել են որոշմամբ սահմանված կատեգորիաների շրջանակները, մասնավորապես՝ ԼՂՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների, Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով զոհված զինծառայողների, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում զինծառայության ընթացքում և ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած զինծառայողների և այլ անձանց ցանկերը: Կառավարության մեկ այլ որոշմամբ՝ հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանվել է մայրության նպաստի և սահմանվել վարձու աշխատողների ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստները վճարելու համար գործատուի ծախսած դրամական միջոցները փոխհատուցելու կարգը: Որոշմամբ սահմանվել է վարձու աշխատողի մայրության նպաստի հաշվարկման համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն շեմ: Նիստում գործադիր մարմինը սահմանել է Հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների և հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հաշվառման կարգը, որով լիազորված մարմինն ապահովում է հանրային հատվածի հաշվապահի որակավորում ունեցող հաշվապահների, ինչպես նաև հանրային հատվածի կազմակերպություններին հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց (անհատ ձեռնարկատեր կամ կազմակերպություն)՝ ԼՂՀ կառավարության սահմանած կարգով հաշվառումն ու վերջիններիս ցանկի հրապարակումը:

Նմանատիպ նյութեր