Պոլսո պատրիարքի ընտրությունների համար պատրիարքարանից ոչ ոք Թուրքիայի համապատասխան մարմիններին չի դիմել․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամ Սարգիս Հացպանյանը:
Հացպանյանի գնահատմամբ՝ Արամ Աթեշյանն այն մարդն է, որն ընդդիմանում էր պատրիարքի ընտրությունների անցկացմանը. «Շատ լավ իմանալով, որ շանս չունի ընտրվելու, նա ութ տարի ջանացել է, որ նման բան տեղի չունենա»:
«Պահանջում ենք պատժել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին» հասարակական-քաղաքացիական նախաձեռնության անդամը տեղեկացրեց, որ որոշել են նամակ գրել Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերին՝ հարց ուղղելով, թե ինչ վերաբերմունք ունեն նրանք Արամ Աթեշյանի՝ Էրդողանին ուղղված նամակի նկատմամբ: Իրենց միակ ցանկությունն ու պահանջն այն է, որ Մայր աթոռը կարգալույծ անի Պոլսո պատրիարքի փոխանորդին: