211652_close_icon
views-count1544 դիտում article-date 20:55 14-11-2016

Առանց հասարակական լայն քննարկումների առկա մտահոգությունները հնարավոր չէ փարատել. ՄԻՊ

Արդեն մի քանի օր է՝ հանրության շրջանում ակտիվորեն քննարկվում է Պաշտպանության նախարարության մշակած օրենքի նախագիծը՝ կապված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցումն ապահովող հատուկ համակարգի ներդրման հետ: Այսպիսի նախագծի վերաբերյալ բարձր ակտիվությամբ հանրային քննարկումները բնական են՝ հաշվի առնելով, որ այն վերաբերում է երկրի պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանը և, հետևաբար, նրանց սոցիալական պաշտպանվածությանը: Այդ քննարկումները կարևոր են, քանի որ օգնում են վեր հանելու ոլորտին առնչվող մտահոգություններն ու խնդիրները: Զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական ցանցերում ծավալված քննարկումները ցույց են տալիս, որ ակնհայտորեն առկա է հատուցման նախատեսվող համակարգի նկատմամբ հասարակության վստահությունն ապահովելու խնդիր: Առաջարկվող համակարգի գործունեության նկատմամբ վստահությունը նախագծի քննարկման այս փուլում ունի կարևորագույն նշանակություն՝ այդ համակարգի հանրային լեգիտիմության ու հետագա գործադրման տեսանկյունից: Առաջ են քաշվում նաև հարցեր, որոնք վերաբերում են հիմնադրամի կողմից գումարների ծախսմանը, այդ գումարների գոյացման աղբյուրներին, հիմնադրամի կառավարման արդյունավետությանը և այլն: Հնչող մտահոգություններն ու առաջ քաշվող խնդիրները պահանջում են հնարավորինս արագ ձեռնարկել հետևյալ քայլերը՝ 1. պետք է հասարակության հնարավորինս լայն շրջանակների, այդ թվում՝ լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավմամբ կազմակերպել քննարկումներ և մանրամասն ուսումնասիրել հնչող բոլոր մտահոգությունները: Ակնհայտ է, որ առանց նման քննարկումների այդ մտահոգությունները հնարավոր չի լինի փարատել. 2. պետք է ապահովել հիմնադրամի աշխատանքների առավելագույն թափանցիկություն՝ որպես նախատեսվող հատուցման համակարգի նկատմամբ վստահության կարևորագույն գրավական. 3. հիմնադրամը պետք է գործի նաև առավելագույն հաշվետվողականության պայմաններում: Դա կարելի է ապահովել, օրինակ, հատուցման գումարների գոյացման, դրանց չափի ու ծախսման, ինչպես նաև հիմնադրամի գործունեության մյուս ուղղությունների վերաբերյալ հանրային հաշվետություններ կամ զեկույցներ պարբերաբար հրապարակելու ձևով. 4. անհրաժեշտ է ապահովել քաղաքացիական հասարակության արդյունավետ վերահսկողությունը հիմնադրամի աշխատանքների նկատմամբ, այդ թվում՝ հիմնադրամի կառավարմանը նրա նեկայացուցիչների անմիջական մասնակցության ձևով: Դրան պետք է անմիջական մասնակից դարձվեն նաև լրատվության միջոցների ներկայացուցիչները: Այս ամենը պետք է ստանա նաև հստակ օրենսդրական ամրագրում: [b]ՄԻՊ աշխատակազմ [/b]

Նմանատիպ նյութեր