211652_close_icon
views-count4497 դիտում article-date 18:51 10-11-2016

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Թրամփ, Արցախի ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների 45-րդ Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Արցախում ԱՄՆ-ն համարում են բարեկամ երկիր, պետություն, որտեղ ապրում է հայկական ամենամեծ համայնքներից մեկը: Արդեն քառորդ դար է, ինչ մեր ժողովուրդը պայքարում է իր ազատության և անկախության համար, կառուցելով ժողովրդավարական ու ինքնիշխան պետություն և քաղաքացիական հասարակություն, արժեքներ, որոնք նաև ամերիկացիների համար հանդիսանում են հիմնարար ու սկզբունքային: Միացյալ Նահանգները, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը, մեծ դերակատարություն ունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում: Վստահ եմ, որ Ձեր նախագահության օրոք Ամերիկան կշարունակի իր այս կարևոր առաքելությունը` այսուհետ ևս նպաստելով մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանն ու ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ողջ ժողովրդին, մաղթում եմ խաղաղություն, բարօրություն, հաջողություններ ու ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր