Շառլ դը Գոլի դեմ 30 մահափորձ է կազմակերպվել, և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ
1947 թ. դը Գոլը հիմնադրեց «Ֆրանսիացի ժողովրդի միավորում» կուսակցությունը և շարունակեց ակտիվ քաղաքական գործունեությունը մինչև 1953 թ.: Որոշ ժամանակ հեռանալով քաղաքական ասպարեզից՝ 1959 թ. դը Գոլը վերստին գլխավորեց կառավարությունը, ապա ընտրվեց Ֆրանսիայի նախագահ։
Նրա նախաձեռնությամբ կատարվեցին սահմանադրական բարեփոխումներ, որոնք սահմանափակում էին խորհրդարանի լիազորությունները՝ հօգուտ նախագահի։
Դը Գոլի վարած տնտեսական քաղաքականությունը ոչ միայն մեղմեց երկրում տիրող սոցիալական լարվածությունը, այլև բարձրացրեց դը Գոլի միջազգային հեղինակությունը։ Դրան նպաստում էին նաև արտաքին քաղաքականության ասպարեզում դը Գոլի հավասարակշռված և խելամիտ քայլերը։
Նրա ղեկավարությամբ Ֆրանսիան բարելավեց փոխհարաբերությունները ԽՍՀՄ-ի հետ, դատապարտեց Ամերիկայի Միացյալ Նահանգների սկսած ռազմական գործողությունները Վիետնամում և երկիրը դուրս բերեց ՆԱՏՕ-ի կազմից։
Ոչ մի նախագահի նկատմամբ այդքան մահափորձ չի կատարվել, որքան դը Գոլի։ Նրա հանդեպ 30 մահափորձ է կազմակերպվել, և ամեն անգամ այդ «հաջողակ սատանային» հաջողվում էր անվնաս մնալ։ Ամենաաղմկոտ մահափորձը 1962 թ. օգոստոսին էր։ Ավտոմեքենայի վրա, որտեղ նստած էին գեներալն ու նրա տիկինը, կրակ բացեցին 15 ինքնաձիգավորներ։ Հանելուկ է, թե ամուսիններն ինչպես էին ողջ մնացել։
Բայց դը Գոլը ոչ այնքան մահափորձի փաստից էր վրդովված (նա արդեն սովորել էր դրանց և համարում էր նախագահության անխուսափելի մասը), որքան նրանից, որ ավազակախմբի ղեկավարը՝ ֆրանսիական բանակի փոխգնդապետ Բաստիեն Տիերին, վրիպել էր։ Նրա բանակի պաշտոնաթող սպան կրակել չգիտեր։ Դը Գոլն անձամբ ստորագրեց նրա մահապատժի դատավճիռը։