211652_close_icon
views-count996 դիտում article-date 15:50 08-11-2016

Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել դասական երաժշտության համերգ

Նոյեմբերի 4-ին Կանադայում ՀՀ դեսպանության հովանու ներքո կայացավ դասական երաժշտության համերգ՝ ի աջակցություն Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի նվագախմբի: ՀՀ դեսպանությունում տեղի ունեցած համերգի ողջ հասույթը փոխանցվելու է նվագախմբի երիտասարդ տաղանդների հիմնադրամին: Երեկոյին ներկա էին կանադացի անվանի արվեստագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը նշեց, որ ՀՀ դեսպանությունն արդեն երկար տարիներ ջերմ կապեր ունի և ակտիվորեն համագործակցում է Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի հետ, և համատեղ կազմակերպված այս միջոցառումը դրա վառ ապացույցն է: ՀՀ դեսպանը կարևորեց հայկական և կանադական մշակույթների տարածումն ու հանրահռչակումը` ընդգծելով ՀՀ դեսպանության պատրաստակամությունը մշտապես աջակցելու նմանատիպ նախագծերի կազմակերպմանը: Երեկոյի ընթացքում դասական երաժշտության հսկաներ` Արամ Խաչատրյանի, Դմիտրի Շոստակովիչի և Սերգեյ Պրոկոֆևի ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան անվանի երաժիշտներ` Կանադայի Ազգային արվեստների կենտրոնի նվագախմբի կոնցերտմայստեր Յոսուկե Կավասակին, երաժշտության պրոֆեսոր, մենակատար Վադիմ Սերեբրյանին և պատանի ու տաղանդավոր կանադահայ ջութակահար Թոմաս Շահբաղյանը, ով Կոնկորդիա համալսարանի պրոֆեսոր Գրիգոր Շահվերդյանի սանն է: Բոլոր կատարումները ջերմ ընդունելության արժանացան հանդիսատեսի կողմից:

Նմանատիպ նյութեր