211652_close_icon
views-count2490 դիտում article-date 13:40 08-11-2016

Պարզաբանումներ՝ թվային կցուրդ սարքերի որակի և դրանց անվճար տրամադրման խնդիրների շուրջ

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ անալոգային հեռուստահեռարձակումից թվայինի անցնելու ավարտական փուլում՝ հիմնականում անալոգային հեռարձակման անջատումից հետո, բնակչության կողմից ահազանգեր են հնչում՝ կապված ընդունիչ սարքերի, հեռարձակման որակի, անվճար տրամադրվող սարքերի և մի շարք այլ խնդիրների շուրջ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲ ընկերության տնօրեն Գրիգոր Ամալյանը ահազանգերին ի պատասխան պարզաբանեց, որ ընկերության թեժ գծով ստացված զանգերը հիմնականում պայմանավորված են մի քանի հանգամանքներով. ոչ բոլոր քաղաքացիներն են կարողանում ընդունիչ սարքերը ճիշտ կարգավորել, կամ էլ անորակ ալեհավաքների ու հաղորդալարերի պատճառով դրանք չեն միանում։ ՀՀՌՑ ընկերության մասնագետների կողմից տրված ցուցումներից հետո սարքերը հիմնականում նորմալ աշխատում են։ Հաջորդ խնդիրը կապված է այն քաղաքացիներ հետ, ովքեր պաշտոնապես ներգրավված չեն սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում, բայց իրենց անապահով են համարում և ցանկանում են անվճար կցուրդ սարք ստանալ։ Այս խնդրի համար պատասխանատու պետական լիազոր մարմինը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, ուստի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը որևէ լիազորություն չունի և չի կարող լուծում տալ խնդրին։ Ինչ վերաբերում է պետության կողմից տրամադրված սարքերի որակին և անսարքության դեպքերին, ապա անվճար տրամադրված սարքերը ներկրող կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նրանք պետք է 1 տարվա երաշխիքային սպասարկում իրականացնեն և հանրապետության բոլոր մարզերում ունենան իրենց սպասարկման կետերը։ Սա նշանակում է, որ եթե սարքը մինչև 1 տարին լրանալը խափանվել է կամ վատ է աշխատում, իսկ ապրանքը ներկրող ընկերությունը 5-օրյա ժամկետում չի կարողանում սարքի թերությունը վերացնել, ապա պարտավոր է քաղաքացուն նոր կցուրդ սարք տրամադրել։ Կցուրդ սարքերի տուփերի մեջ երաշխիքային կտրոնների հետ գտնվում են նաև այն հասցեները, որոնցով նման դեպքերում պետք է դիմել։ «Մենք ինքներս հետաքրքրված ենք այդ խնդրով, ներկրող կազմակերպությանը ժամանակ առ ժամանակ հարցում ենք անում։ Շատ չնչին տոկոս են կազմում հետդարձի համար դիմելու դեպքերը։ Այդ սարքերը տեխնիկապես շատ բարձր որակ ունեն և կտրոններով վերապահված իրավունքով շատ քիչ քաղաքացիներ են ներկրող կազմակերպությանը դիմել»,- ասաց ՀՀՌՑ ընկերության գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը։ ՀՀ տարածքում թվային հեռուստահեռարձակման տեխնիկական որակն ատեստավորված է միջազգային չափանիշներով։ Այդ ուղղությամբ մշտապես իրականացվող մոնիտորինգը փաստում է, որ այն բարձր որակի է։ Գ. Ամալյանը նշեց, որ որակական խնդիրներ կարող են առաջանալ անորակ կցուրդ սարքերի, հին հեռուստացույցների, ալեհավաքների, միացման հաղորդալարերի պատճառով։ Անդրադառնալով լրագրողների կողմից բարձրացված այն խնդիրին, թե եղել են քաղաքացիներ, ովքեր սոցիալական անապահովություն ունեցողների ցանկում ընդգրկված լինելով անվճար սարք չեն ստացել, Գրիգոր Ամալյանը մեկ անգամ ևս հորդորեց նման դեպքում անմիջապես զանգահարել ՀՀՌՑ ընկերության թեժ գծին ՝ 010.65-37-87 և 87-97 հեռախոսահամարներով։

Նմանատիպ նյութեր