211652_close_icon
views-count4943 դիտում article-date 20:17 04-11-2016

Ներդրողները պետք է վստահ լինեն, որ ճիշտ տեղում ճիշտ ներդրում են կատարում. ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով համատեղ ծրագրերի ընդլայնման անհրաժեշտությունը: Նախարար Վարդան Արամյանը մասնավորապես նշել է, որ որակյալ ծառայություններ մատուցող ֆրանսիական ներդրող ընկերությունները մշտապես սպասված են Հայաստանում՝ առաջարկելով լուծումներ գտնել ընդլայնելու նրանց ներգրավվածությունը: Քննարկվել է նաև Հայաստանում ֆրանսիական ձեռնարկությունների տարածաշրջանային ներկայացուցչություններ տեղակայելու հեռանկարը: Համամիտ լինելով դիտարկմանը հայ-ֆրանսիական համագործակցության մեծ ներուժի վերաբերյալ՝ դեսպան Շարպանտիեն նշել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը պատրաստ է Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքներ իրականացնել և քայլեր ձեռնարկել երկկողմանի արդյունավետ նախագծերը խթանելու ուղղությամբ՝ նկատելով, որ լավագույն ազդակն այս դեպքում Հայաստանում արդեն գործող ֆրանսիական ընկերությունների հաջող գործունեությունն է: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է քննարկել ֆրանսիական ներդրող ընկերությունների համար առավել բարենպաստ բիզնես միջավայր ապահովելու մոտեցումները:

Նմանատիպ նյութեր