Ի՞նչ վիճակում է գտնվում ջավախքահայության հասարակական, կրթական, հոգևոր և մշակութային կյանքը. իրականացված և առաջիկա ծրագրերի մասին
«Մենք» մամուլի ակումբի հրավերով տեղի ունեցավ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանի մամուլի ասուլիսը: Թեման «Վրացահայ համայնք. ի՞նչ վիճակում է գտնվում ջավախքահայության հասարակական, կրթական, հոգևոր և մշակութային կյանքը: Ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում առաջիկայում: Որո՞նք են համայնքի առաջնային խնդիրները»։
Աշոտ Հակոբյանը ՋԱՀ-ի տեսլականն ու առաքելությունը ներկայացնելուց հետո անդրադարձավ իրականացված և առաջիկա ծրագրերին, պատասխանեց լրագրողների կողմից բարձրացված հարցերին:
Ներկաները մեծապես հետաքրքրված էին Լուսինե Զաքարյանի տան ճակատագրով և Ախալցխայում մեծերի միացյալ թանգարանի գաղափարով: Ա. Հակոբյանը նշեց, որ Ախալցխայում Մեծերի միացյալ թանգարանի հիմնադրման շրջանակներում դիտարկվում է Լուսինե Զաքարյանի տունն ու մի քանի այլ շենքեր ևս, որոնց թվում են նաև Վարդգես Սուրենյանցի տունը և 1830թ. կառուցված մի շենք, որը բավականին լավ է պահպանվել և նույնպես կարող է հարմար տարբերակ լինել: Աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվում է հանձնաժողով, որտեղ ներգրավվելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Հանձնաժողովում ներգրավված կլինեն նաև ոլորտի մասնագետներ, Ախալցխայի համայնքի և տեղական իշխանության ներկայացուցիչներ, արվեստագետներ, ճարտարապետներ և այլ անձինք, ովքեր և կորոշեն՝ որտեղ կկառուցվի Մեծերի միացյալ թանգարանը: Աշոտ Հակոբյանը ընդգծեց նաև մեկ միացյալ թանգարանի առավելությունը. համեմատաբար կարճ ժամանակում հնարավոր կլինի ներկայացնել հանրությանը՝ ինչ ախալցխացիներ են ծնվել այդտեղ: Մինչդեռ նրա սուբյեկտիվ կարծիքով՝ Լուսինե Զաքարյանի տունն այդ հնարավորությունը չունի: Այդուհանդերձ, այդ և թանգարանի հետ կապված մյուս հարցերը կորոշի համապատասխան հանձնաժողովը:
ՋԱՀ-ի գործադիր տնօրենի խոսքով՝ ամեն ինչ կախված է ներդրումներից, եթե կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ներդրումներ կատարել և՛ Լ. Զաքարյանի տունն առանձին թանգարանի վերածելու, և՛ միասնական թանգարանի ստեղծելու համար, ապա երկուսն էլ կիրագործվի: Ներկա դրությամբ Լ. Զաքարյանի տունը բաժանված է երկու մասի. մի մասը բնակեցված է, մյուս մասը պատկանում է այժմ Դոնի Ռոստովում բնակվող մեկ այլ ընտանիքի: Տան արժեքը 45-50 000 դոլար է:
Մանրամասները՝ [url=http://www.jah.am/news/9576]այստեղ[/url]: