2407 դիտում
19:38 20-10-2016
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարները հանդիպեցին Էդուարդ Նալբանդյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի շրջանակներում սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարները հանդիպեցին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի հետ:
Համաժողովը շարունակեց աշխատանքը «ՀՀ դիվանագիտական ներկայացչությունների և սփյուռքյան կառույցների համագործակցության ուղիները» թեմատիկ նիստով, որը վարեցին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, լրագրող, հրապարակախոս Պայծիկ Գալաջյանը, «Վանա Ձայն» ռադիոյի տնօրեն Ավետիս Կիտանյանը:
«Հայաստանի և Իսրայելի դիվանագիտական անկայուն հարաբերություններն ու Իսրայելի հայկական կազմակերպությունների աջակցությունը հարաբերությունների զարգացման գործում» թեմայով զեկույց ներկայացրեց «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը: Նա անդրադարձավ հայ-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների պատմությանը, նշեց վերջին շրջանում դրանց ակտիվացման միտումներն ու դրական ազդեցությունը հայ համայնքի հեղինակության և վարկանիշի ամրապնդման վրա:
«ՀՀ դիվանագիտությունը, սփյուռքյան կառույցները, համագործակցության ուղիները և համշենահայերը» թեմայով զեկուցեց «Հայկական տեղեկատվական կենտրոն» կայքի թղթակից, համշենահայ կանանց միջազգային միության նախագահ Սաիդա Օհանյանը: Նա կարևորեց համշենահայերի խնդիրների լուծման հրատապությունը, անդրադարձավ համայնքային կառույցների և պետական մարմինների փոխհարաբերություններին:
«Անկախ և հետախուզական մամուլ»-ի էությանը և զարգացման ուղիներին անդրադարձավ լիբանանահայ լրագրող, հրապարակախոս Հակոբ Բալյանը: Նա կարևորեց հայոց լեզվի մաքրության, տեղեկատվության ճշգրտության, թեմաների շրջանակի ընդլայնման անհրաժեշտությունը: «Մեր մամուլը հանրակրթարան է և՛ քաղաքական, և՛ մշակութային առումներով», - հավելեց նա:
«ՀՀ իմիջի ձևավորման բաղադրիչներն օտարալեզու ԶԼՄ-ներում» թեմայով զեկուցում ներկայացրեց «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Նա նշեց. «Այս համաժողովները կարևոր են ոչ միայն ինֆորմացիա փոխանակելու առումով, այլև հնարավորություն են տալիս շփվել միմյանց հետ ու հասկանալ, թե ինչպես ուղղորդել լրատվական դաշտը, ինչպես ներկայանալ աշխարհին»: Զեկուցողը կարևորեց դրական իմիջ ձևավորելու անհրաժեշտությունը:
Ելույթ ունեցավ նաև Լիբանանի «Արարատ» օրաթերթի ներկայացուցիչ Անի Թորանյանը: Նա կարևորեց համաժողովները՝ որպես ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման նպաստավոր հանգրվաններ, շեշտելով, որ հայկական լրատվական դաշտը մեկ գերակա դերակատարություն ունի՝ ծառայել հայրենիքին:
Ավարտելով իր խոսքը՝ նա նշեց. «Մեր մաղթանքն է, որ այս համաժողովը այդ ուղղությամբ վճռական քայլ կատարի: Յուրաքանչյուրը պետք է ընդունի, որ ինքն է հայրենիքի և՛ տերը, և՛ ծառան»:
Տեղի ունեցան քննարկումներ մամուլի լեզվի, առաջնահերթությունների, նաև՝ ազգային խնդիրների վերհանման հարցերի շուրջ: Հնչեցին առաջարկներ:
Երեկոյան սփյուռքյան լրատվամիջոցների ղեկավարները կհանդիպեն ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Համաժողովն իր աշխատանքը կշարունակի նաև վաղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2358 դիտում
20:44 24-10-2016
Նախագահն ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի ներկայացուցիչներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
4670 դիտում
23:20 22-10-2016
Բակո Սահակյանը ընդունել է Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցներին
6058 դիտում
19:48 23-10-2016
Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները
Այս բաժնից
1795 դիտում
16:48 08-01-2025
Բողոքի ակցիա՝ ԲԴԽ շենքի դիմաց․ երիտասարդ կնոջը կյանքից զրկելու գործով ճնշումներ կան