Փհենյանը հրթիռի անհաջող փորձարկում է կատարել
ԱՄՆ-ի զինված ուժերի ռազմավարական հրամանատարությունը երեկ երեկոյան հայտնել է, որ համակարգերն արձանագրել են Հյուսիսային Կորեայի տարածքից հրթիռի անհաջող փորձ, հաղորդում է Tass-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ հրթիռն արձակվել է տեղի ժամանակով ժամը 17։00-ին, Հյուսիսային Կորեայի հյուսիս-արևմտյան Կուսոն քաղաքի մոտակայքից։
Ամերիկյան կողմը ենթադրում է, որ խոսքը գնում է միջին հեռահարության «Մուսուդան» բալիստիկ հրթիռի մասին։ Այն չի սպառնացել ԱՄՆ-ին։
Հարավային Կորեայի շտաբների ղեկավարների հանձնաժողովը նույնպես հաստատել է տեղեկությունը, որ Փհենյանը փորձ է արել հրթիռ արձակել, սակայն այն ձախողվել է։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևն արգելում է Հյուսիսային Կորեային ցանկացած գործունեություն ծավալել, որը կապված կլինի միջուկային զենքի ու նրա մատակարարման հետ։ Իսկ վերջին օրերին ՄԱԿ ԱԽ-ում քննարկվում է բանաձևի նախագիծ, որով կխստացվեն Փհենյանի դեմ պատժամիջոցները։