ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Վրաստանի դեսպանին
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեին և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանի խորհրդական Մալխաս Մալաշխիսին: Սա դեսպանի առաջին այցելությունն է Արտակարգ իրավիճակների նախարարություն և կրում է ճանաչողական բնույթ:
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ԱԻ նախարարը ներկայացրեց նախարարության կառուցվածքը, ստորաբաժանումները, ծառայությունները և գործունեության դաշտը: Նախարար Երիցյանն անդրադարձավ արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-վրացական համագործակցությանը՝ նշելով, որ ԱԻՆ-ը երկար տարիներ սերտորեն համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ մասնավորապես ամենօրյա աշխատանք է տարվում ճանապարհների անցանելիության խնդիրների լուծման և դրա վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հարցում:
Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ դեսպան Սագանելիձեն ցանկություն հայտնեց էլ ավելի ընդլայնել հայ-վրացական համագործակցությունը: Դեսպանը հատկապես կարևորեց Վերին Լարսի անցակետի մշտական անխափան աշխատանքը, ինչի համար էլ, դեսպանի խոսքով, վրացական կողմը մի շարք ծրագրեր է մշակել:
Հանդիպման ավարտին նախարար Երիցյանը շեշտեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը բաց է և պատրաստ համագործակցության ընդլայնմանն ու նոր ծրագրերի մշակմանը: