211652_close_icon
views-count2763 դիտում article-date 18:18 17-10-2016

Տրանսպորտի սպասարկման որակի պահպանման առնչությամբ կազմվել է 7 վարչական արձանագրություն

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների ճաքալցման և փոսանորոգման, մայթերի վնասված սալիկների վերականգնման, ինչպես նաև շինհրապարակների պատշաճ կազմակերպումն ու կահավորումն ապահովելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ակտիվացնել ընթացիկ աշխատանքները՝ ուշադրության կենտրոնում պահելով որակի ու ժամկետների պահպանումը: Երևանի քաղաքապետի խորհրդականը զեկուցել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի վերահսկման նպատակով քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության, ՃՈ հետ իրականացվող ամենօրյա հսկողության ընթացքում նախորդ շաբաթ հայտնաբերված 7 խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Հանձնարարվել է խստացնել հսկողությունն ու շարունակել աշխատանքները տնտեսվարողների կողմից փողոցների որոշակի հատվածներում ավտոկայանմանը խոչընդոտող մետաղյա արգելապատնեշների հեռացման և ավտոկայանատեղի համար ապօրինի գումարների գանձման դեպքերը բացառելու ուղղությամբ: Բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել և վարչական արձանագրություններ են կազմվել 10 դեպքի մասով: Կոմունալ տնտեսության վարչության պետն էլ զեկուցել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և երևույթի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ 67 վարչական արձանագրություն է կազմվել:

Նմանատիպ նյութեր