Հայաստանը կարող է խելացի կենտրոն դարձնել ԵՏՄ-ն. Քերոլայն Քոքս
Եվրասիական տարածքը խելացի կենտրոն դարձնելու և այդպիսով ԵՏՄ-ում առանցքային դեր ունենալու խնդիր է կանգնած Հայաստանի առաջ: Երևանում ընթացող Եվրասիական գործընկերության առաջին միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Բրիտանիայի Լորդերի պալատի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
«Ես 85 անգամ եղել եմ Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում՝ սկսած 90-ականներից, երբ Հայաստանը հարևանների ու բնության հարվածների տակ էր ընկել: Երկրաշարժը, որը մարդկանց կյանքեր խլեց, պատերազմը, երբ ադրբեջանցիներն ուզում էին հանել հայերին իրենց սեփական հողից: Ես այդ ժամանակ Ղարաբաղում էի: Ես ամեն օր հաշվում էի հարվածները, գնդակահարությունների ձայները, որոնք տեղում էին Ստեփանակերտի ուղղությամբ: Ամեն ինչ այնպես էր, ինչպես հիմա Հալեպում:
Բայց հիմա, ես տեսնում եմ ծաղկուն Հայաստան, հիանում եմ հայերի ոգով, որոնք ոչնչից կարողանում են գեղեցկություն ստեղծել: Եվ հենց այս ամուր ոգու առկայությունը վստահություն է ներշնչում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ խելացի կենտրոնի առաջնորդը»,- մանրամասնեց բարոնոհին
Քերոլայն Քոքսն լավատեսորեն նշեց, որ Հայաստանի առջև առկա օբյեկտիվ դժվարությունները՝ փակ սահմանները, հակամարտությունը հաղթահարելի են: «Ժամանակն է, որ Հայաստանն իր վրա վերցնի պատմական դերակատարությունը՝ կամրջելու Ասիան Եվրոպայի հետ: Այս պահը հասունացել է»,- ընդգծեց Քերոլայն Քոքսը: