211652_close_icon
views-count4590 դիտում article-date 18:07 13-10-2016

Երևանի քաղաքապետը հյուրընկալել է հանրահայտ ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևան Ջազ Ֆեստ 2016» փառատոնին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող ճանաչված հայազգի ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանին: Ողջունելով հյուրին` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է Ալինա Ենգիբարյանի դերակատարումը հայերի համար արդեն հարազատ դարձած երաժշտական այս ուղղության` ջազի տարածման գործում: «Ջազի հայկական դպրոցն իր ուրույն տեղն ու ճանաչումն ունի աշխարհում, և անչափ գնահատելի է, որ նաև Ձեր շնորհիվ բազմապատկվում է հայկական ջազի համբավը: «Երևան Ջազ Ֆեստ» փառատոնի անցկացումն էլ իր հերթին է հնարավորություն ընձեռում աշխարհահռչակ ջազմեններին ներկայացնելու ինչպես ջազի հայկական դպրոցի ավանդույթները, այնպես էլ համայն հայության մայրաքաղաքի հմայքն ու ջերմությունը»,- նշել է Տարոն Մարգարյանը։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հայազգի ճանաչված ջազ երգչուհի Ալինա Ենգիբարյանն իր հերթին նշել է, որ տարբեր շրջագայությունների ընթացքում մեծ պատասխանատվությամբ ու սիրով է ներկայացնում Հայաստանն ու համայն հայության մայրաքաղաք Երևանը: «Պարոն քաղաքապետ, թեև ես չեմ ապրում Հայաստանում, սակայն ամուր թելերով եմ կապված հայրենիքիս հետ: Անչափ ուրախ եմ կրկին գտնվել Երևանում, ինչն ինձ ստեղծագործական նոր ավյուն է տալիս»,- նշել է Ալինա Ենգիբարյանը:

Նմանատիպ նյութեր