Սահմանվել են զոհված կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցելու արագ արձագանքման մեխանիզմներ
Կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել 2015թ. սեպտեմբերի 10-ի համապատասխան որոշման մեջ, որով սահմանված է միջգերատեսչական սոցիալական համագործակցության կանոնակարգը՝ համագործակցող կողմերը, խնդրահարույց դեպքերը, կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Սահմանված խնդրահարույց դեպքերի շարքում դեռևս ներառված չեն ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու դեպքերը:
Փոփոխության և լրացումների նպատակը վերոնշյալ դեպքերում համապատասխան տեղեկությունները զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացումն է:
Դա նշանակում է, որ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը (բաժինը) սկսում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված սոցիալական դեպքի վարման գործընթացը, ձևավորում է բազմամասնագիտական խումբ` տվյալ ընտանիքի սոցիալական կարիքներին համապատասխան: Խումբն իր գործունեությունը ծավալում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված լիազորությունների, իսկ աջակցող ցանցի ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչները կամ կամավոր ֆիզիկական անձինք` իրենց հնարավորությունների և կարողությունների շրջանակում` որպես սոցիալական դեպքի վարման շրջանակում անհատական սոցիալական ծրագրով նախատեսված միջոցառումներ: