Երևանում աշխատանքի տոնավաճառ է կազմակերպվելու
2016թ. հոկտեմբերի 14-ին` ժամը 11:00-ին, Երևանում, Նալբանդյան-Հանրապետության փողոցների հարակից վերակառուցված պուրակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության նախաձեռնությամբ կկազմակերպվի աշխատանքի տոնավաճառ. տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Աշխատանքի տոնավաճառին նախատեսվում է տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող շուրջ 60 գործատուի մասնակցություն, որոնք կներկայացնեն 210 առկա և 30 սպասվելիք թափուր աշխատատեղեր:
Նշենք, որ Երևանում 2016թ.-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ գրանցված աշխատանք փնտրողների թիվը 16.336 է: Գործազուրկների թիվը կազմում է աշխատանք փնտրողների 82%-ը: Անմրցունակ գործազուրկ է 11.936 անձ, կամ գործազուրկների 89.1%-ը: Գործազուրկների 74.8%-ը կանայք են: