211652_close_icon
views-count1237 դիտում article-date 17:21 07-10-2016

Դպրոցականների մրցումներ` «Ազգային ժողովի գավաթի» համար

Երևանի "Սպարտակ" մարզադաշտում տեղի է ունեցել "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության դպրոցականների մրցումների եզրափակիչ փուլի ամփոփումը: Մրցույթին մասնակցել են ՀՀ բոլոր մարզերի, մայրաքաղաք Երևանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության թիմերը: Հաղթողներին մրացանակները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Ողջունելով մասնակիցներին և հաղթողներին` ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին՝ շեշտելով, որ ավանդական դարձած այս մրցաշարը նպաստում է "Ֆիզիկական կուլտուրա" առարկայի դասավանդման զարգացմանը. "Մրցանակային գավաթները, որոնք տրվում են համեմատական միավորների արդյունքներով, այս դեպքում զուտ խորհրդանշական իմաստ ունեն: Իրականում դուք բոլորդ էլ արժանի եք մրցանակների, ձեր մասնակցությունն ու ոգևորությունը այս մրցաշարի ամենամեծ ձեռքբերումն են: Ես անձամբ իմ ու նախարարության անունից շնորհավորում եմ բոլորիդ",- իր խոսքում ընդգծել է Մանուկ Մկրտչյանը: "Ազգային ժողովի գավաթի" խաղարկության թիմային արդյունքներով առաջին տեղը գրավել են Երևանի, երկրորդը՝ Կոտայքի, երրորդը՝ Գեղարքունիքի թիմերը: ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանի տեղեկացմամբ մրցաշարն անցկացվում է "Ֆիզիկական կուլտուրա" առարկայի ծրագրային նյութերի ատլետիկական և մարմնամարզական վարժաձևերի շրջանակում: Գնահատումը կատարվում է ֆիզկուլտուրայի համապատասխան դասարանների ուսումնական պլանի գնահատման նորմատիվներով: "Ազգային ժողովի գավաթի" խաղարկությունն անցկացվել է 4 փուլով` միջդասարանական, միջդպրոցական, մարզային և ամփոփիչ հանրապետական: Եզրափակիչ փուլին մասնակցել են 192 դպրոցականներ և մարզիչներ: Մրցույթն անցկացվում է 16-րդ անգամ, մասնակցում են հանրակրթական դպրոցների 4-6-րդ դասարանների աշակերտները: Մրացաշարի կազմակերպիչներն են ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի հանձնաժողովը, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, Հայաստանի օլիմպիական կոմիտեն, և "Աշխատանքային ռեզերվներ" մարզական կազմակերպությունը:

Նմանատիպ նյութեր