ԼՂՀ Պ-ն հրապարակել է հակառակորդի կիրառած ՀԱՆ-17 տիպի նռնականետի հետևանքով վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է այս գիշեր հակառակորդի կողմից հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր շուրջ 1800 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ էին արձանագրվել հյուսիսային և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել էր ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /155 կրակոց/ և <<ԻՍՏԻԳԼԱԼ>> տիպի հեռահար դիպուկահար հրացան /109 կրակոց/:
Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառել էր նաև ՀԱՆ-17 (հաստոցավոր ավտոմատ նռնականետ)՝ 1 արկ:
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել էին պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: